Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից և բռնի տեղահանումից հետո «Համահայկական ճակատ» շարժում է նախաձեռնել և, ի թիվս այլ շարժում-հոսանք-ճակատների, փորձում է անվերադարձ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, փրկել երկիր հայրենին, պարզվում է՝ կողմ է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն։ Նա «Հայելի» լրատվականի (խորհրդանշական կայք է ընտրել) հետ, այսպես ասած, «ջրալի» զրույց է ունեցել և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել, որոնք թույլ են տալիս եզրակացնել՝ արդարացված էր Կարապետյանին պետական կառավարման համակարգից հեռացնելու իշխանության որոշումը (2021թ. նոյեմբերին)։ Ի դեպ, վերջինս պաշտոնանկ արվեց նաև քառօրյա պատերազմից հետո, իսկ որոշ ժամանակ անց գործուղվեց Մոսկվա՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդի կարգավիճակում։
Պարզվում է՝ ՌԴ-ում գտնվող ու այդ երկրի հրահանգավորմամբ ՀՀ-ում փրկչական միսիա իրականացնել պատրաստվող նախկին նախարարի հետ հանդիպում, ինստրուկտաժ են անցնում ՀՀ-ից գնացած ընդդիմադիր որոշ գոծիչներ, սակայն Կարապետյանը նրանցից շատ հիասթափված է։ Ծրագիր չունեն։ «Էնքան քաղաքական գործիչներ են ծնվել Հայաստանում... (նկատենք՝ Կարապետյանն էլ է «նորածին» քաղաքական գործիչ, բայց իրեն, փաստորեն, չի նույնացնում «վայրի արջի ցեղերի» հետ-խմբ.) ես, ճիշտն ասած, էս վերջին երեք ամսում ուղղակի մեծ հիասթափություն եմ ապրում։ Խոսքը գնում ա միայն՝ «Փաշինյան, գնա»։ Լավ, Փաշինյանը գնաց, դուք ի՞նչ եք անում հետո, առաջարկը ձեր ո՞րն ա։ Ասում եք՝ Սահմանադրությունը լավը չի, բա ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ Սահմանադրություն եք առաջարկում։ Ես ոչ մեկից չեմ լսել։ Ես ասում եմ՝ անցնենք նախագահական կառավարման։ Նույնիսկ գալիս, էստեղ ինձ հետ հանդիպում են՝ բացառությամբ մեկ-երկու հոգու, ես հասկանում եմ, որ պատկերացում չունեն՝ երկիրը ոնց հանենք էս վիճակից։ Չէ՞ որ խոսքը չի գնում, ասենք, տեխնիկական փոփոխության մասին՝ ղեկավարի, խոսքը գնում ա էն մասին, թե ոնց անենք, որ մեր հայ ժողովուրդը չոչնչանա»։ Հաշվի առնելով, թե ովքեր են շուտ-շուտ գնում ՌԴ ու ՀՀ վերադառնալուց հետո «մենք պիտի Իվանի պոչից բռնենք» ոճի ռևերանսներ անում Ռուսաստանի հանդեպ, կարելի է գլխի ընկնել, թե ընդդիմադիր որ շրջանակներն են շուտ-շուտ հանդիպում Կարապետյանին։
Ի դեպ, գեներալ Կարապետյանը մեր երկրի «դիլետանտության» պատճառը համարում է գործող Սահմանադրությունն ու «երկրի կառուցվածքը»՝ առաջարկելով «համակարգային փոփոխություն անել»։ «Պետք ա հստակ սարքենք պիռամիդա կոչեցյալը՝ վերևից ներքև, մենք պետք է հասկանանք՝ ով ընչով կարա զբաղվի, ով կարա զբաղվի քաղաքականությունով, ով չի կարա զբաղվի»,- առաջարկում է նորածիլ քաղգործիչը, որը, փաստորեն, Հայաստանի ապագան պատկերացնում է հետամնաց ավտորիտար երկրների օրինակով, երբ Արշակ Կարապետյանի աշխարհայացքի տեր մարդիկ նստում, գրում-որոշում են, թե ովքեր իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ և ովքեր՝ ոչ, որ քաղաքական ուժերը պետք է մասնակցեն ընտրություններին, ովքեր՝ կորչեն անվերադարձ։ Նոր Սահմանադրության մասին Կարապետյանի սյուրռեալիստական պատկերացումներն, անշուշտ, փշաքաղեցնող են, սակայն է՛լ ավելի փշաքաղեցնող մի բան էլ կա, որ ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչության նախկին ներկայացուցիչը։ «Գիտեք՝ էս վերջերս Ադրբեջանի ընտրությունները որ եղան՝ նախագահի, ես նախանձով էի նայում, նախանձով։ Մարդիկ գնում էին նախագահ ընտրելու։ Մարդը հերթ էր կանգնած, ընչի՞ համար, որտև նախագահ են ընտրում, երկրի ղեկավար են ընտրում։ Մենք ի՞նչ ենք ընտրում, մենք գնում ենք ինչ որ կազմակերպություն ենք ընտրում, որը կոչվում ա կուսակցություն, և նույնն անում ենք և՛ Երևան քաղաքի ղեկավար ընտրելով, և՛ նույնն անում ենք, երբ որ պառլամենտ ենք ընտրում, որը որ պետք ա նստեն, որոշեն, թե ով ա լինելու երկրի ղեկավարը։ Մենք 70 տարի ապրել ենք սովետական միությունում նման ընտրություններով և բոլորս դժգոհ ենք եղել։ Մենք չենք իմացե՝ ով ա ընտրելու, ասենք, առաջին քարտուղար և ում են ընտրելու։ Մենք էսօր նույն բանն ենք անում, գնում ենք, ընտրում ենք ՔՊ կամ, չգիտեմ, ՀՀԿ... ու որտեղ որ պառլամենտական համակարգ ա մեր մոտ, բոլոր տեղերը բարդակ ա»։ Նշենք, որ սա ասում է մեկը, որը գործող Սահմանադրության ընդունման ժամանակ ՊՆ-ում զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր, այնուհետ՝ 2018-ի հեղափոխությունից հետո, նույն այդ Սահմանադրությամբ ձևավորված իշխանության, ընտրված վարչապետի խորհրդականն էր, հետո պաշտոնեական առաջընթաց ունեցավ ու ընդհուպ պաշտպանության նախարարի աթոռին հանգրվանեց։ Այս նույն Սահմանադրությունը, փաստորեն, որով մեր երկիրը անցել է պառլամենտական կառավարման, այլևս Կարապետյանի ճաշակով չէ։ Նրան ՌԴ-ում հավանաբար խոստացել են նախագահի պաշտոնում կարգել, եթե իհարկե հաջողի իր ղեկավարած կազմակերպությամբ՝ «ճակատով», ՀՀ-ում իշխանափոխություն անել, իր ճաշակով Սահմանադրություն ընդունել տալ և այնպես անել, որ ՔՊ-ն այլևս չկարողանա մասնակցել ընտրություններին՝ «չքվի անդարձ»։
Խոսելով իշխանության հեռացման մասին՝ նախկին նախարարը մեկ այլ ցնցող հայտարարություն էլ է արել։ «Սրանք պետք ա գնան ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ՝ անվերադարձ պետք ա գնան։ Եվ ես վստահ եմ, որ այսօրվա ղեկավարությունը դատապարտելով «Մարտի 1»-ը՝ պատրաստ են 10 մարտի 1 սարքեն, բայց մնան էս պաշտոնին, ես վստահ եմ»,- ազդարարել է «Մարտի 1»-ի վերաբացված գործով ցուցմունք տված Կարապետյանը, որը, հիշեցնենք, 2008 թվականին պաշտպանության նախարարի 0038 հույժ գաղտնի, աղմկահարույց հրամանով նշանակվել էր վարչակազմի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալ։ Ի դեպ, երբ Կարապետյանը 2018-ի հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետի խորհրդական, հանրային արձագանքը շատ բուռն էր ու բացասական, քանի որ ամրապնդված համոզմունք կար, որ 2016 թվականին Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչությունը տեղյակ չի եղել, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է կամիկաձե դրոններ, զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ։ Մասնավորապես «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այս նշանակման կապակցությամբ գրել էր՝ Կարապետյանը «2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է»։ «Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել, և ո չմի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։
Հ.Գ. Կարապետյանի՝ ցնցակաթված առաջացնող այդ հայտարարությունն էլ մեջբերենք. «Էսօրվա իշխանությունը մեծ խոչընդոտ ա մեր ժողովրդի համար՝ զարգանալու, խաղաղ ապրելու համար։ 5 տարի ա խոսում են խաղաղության մասին, բայց ամենաշատ պատերազմները ՀՀ-ի հետ, սենց ասեմ՝ ռազմական ոտնձգությունները եղել են հենց էդ 5 տարվա ընթացքում։ Երբ որ մենք պատասխան էինք տալիս հակառակորդի ոտնձգություններին, մենք մոտավոր 30 տարի խաղաղ ապրել ենք։ Ես մեր պատմությունից եմ էս ասում»։ Ահա այսպիսի վերլուծական կարողություններով անձ է տարիներ շարունակ աշխատել մեր երկրի զինված ուժերում, որը, փաստորեն, 30 տարի Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումները, դիվերսիոն հարձակումները ու այս ամենի հետևանքով արձանագրված հազարավոր զոհերը համարում է «խաղաղ ապրելու» վկայություն։
Հ. Մանուկյան