Ռուսական կողմից շանտաժ է նկատվում, ՀՀ-ի խնդիրն է սադրանքի չենթարկվել․ Լուսինե Բադալյան. տեսանյութ
«Կողմերի խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը շատ կարևոր է, և հիմա ինչ-որ չափով կարող ենք համարել, որ պատերազմի վտանգը վերահսկելի է։ Այն չեզոքացված չէ ու մինչև խաղաղության պայմանագիրը չկնքվի ու երկու կողմերն էլ չունենան վստահություն, որ պայմանագրի բոլոր կետերը պահպանելու են, կարծում եմ, վտանգը միշտ լինելու է»․ այս մասին Civic.am-իհետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝  անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
 
Ինչ վերաբերվում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե հայ-ադրբեջանական սահմանին նոր ռազմական գործողությունների վտանգ կա, իսկ Հայաստանի համար ՀԱՊԿ-ից բացի անվտանգային այլ համակարգ չկա, Բադալյանն ասաց․ «Վերջին շրջանում ռուսական կողմի տարբեր հայտարարություններում շանտաժ է նկատվում, նախկինում շատ ավելի անուղղակի ու թաքնված հայտարարություններ էին։ ՀՀ-ի խնդիրն է սադրանքի չենթարկվելը, ու մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար որևիցե տարբերություն չկա, թե խաղաղության պայմանագիրը ինչ հարթակում կկնքվի»։

 Ըստ Բադալյանի՝ Արևմուտքը ջանք չի խնայում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի․ «Պիտի որևիցե երրորդ երկիր չկարողանա որևէ տարածք որպես խաղաքարտ օգտագործել պատերազմ հրահրելու համար այս տարածաշրջանում»։

 Հարցին, որ եթե մենք Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում ենք, և ՌԴ-ն դա իր դեմ քայլ է համարում, ինչպես ենք շարունակելու Ռուսաստանի հետ հարաբերվել, Բադալյանն ասաց․ «Իրար եղբայր երկրներ չեն լինում, լինում են փոխշահավետ համագործակցություններ։ Մենք պետք է մտածենք, թե ինչն է համապատասխանում կամ հակասում Հայաստանի շահերին։ Երբ գալիս է իրավիճակը ու հասնում մի կետի, այդ բարեկամ երկիրը առաջնային դիտարկում է իր շահը»։
 
Մանրամասները՝  տեսանյութում։
 
Դավիթ Լևոնյան