Օրերս կայացավ Մյունխենի անվտանգության համաժողովը, որին ներկա էր նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Բացի հանրային, երևացող մասից, ի՞նչ էր կատարվում այնտեղ, ի՞նչ տրամադրություններ կային։
Ըստ Բաբաջանյանի՝ հավաքական Արևմուտքը լրջագույն վտանգներ է տեսնում իր անվտանգության համար։ Նա նկատեց, որ Մյունխենի համաժողովի օրերին տեղի ունեցան Ներքին Հանդի դեպքերը, որը Ռուսաստանը փորձեց օգտագործել և կրակի օջախը հանգցնելու փոխարեն՝ փորձեց թեժացնել այն։ «Նրանք ուզում էին Ներքին Հանդը դարձնել այն կենտրոնը, որի շուրջ պետք է ստիպեին Երևանին գալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը»,- ասաց Բաբաջանյանը։
Ադրբեջանում Խովաևին ընդունելն էլ քաղաքական գործիչը որակեց որպես ցուցիչ, ըստ որի՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ակնհայտորեն համատեղ են գործում, ինչը, ըստ նրա, նկատում են նաև Արևմուտքում։
Հայաստանից, ըստ Բաբաջանյանի, Եվրամիությունը կոնկրետ քայլեր է ակնկալում, որոնք ցույց կտան, որ Հայաստանն անկեղծ է իր նպատակադրումների մեջ՝ Եվրամիության հետ ավելի խորը, ավելի երկարաժամկետ համագործակցություն ունենալու առումով։
«Այլևս ոչինչ չի խանգարում, և սա Մյունխենյան անվտանգության համաժողովի շատ ու շատ գործող և նախկին պաշտոնյաների ուղիղ ակնկալիքն է՝ Երևանը պետք է հայտարարի, որ Հայաստանը մոտ ապագայում ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Եվրամիությունը իր ձեռքերը բացել՝ սպասում է Հայաստանին, և այդտեղ քաղաքական շատ որոշակի շահ կա, քանի որ Վրաստանը տարածաշրջանում միայնակ չի կարող հենման կետ լինել Եվրամիության համար»,- ասաց Բաբաջանյանը։
Ըստ նրա՝ Մյունխենյան համաժողովի ուղերձն էր նաև այն, որ նեյտրալ դիրքորոշումներն այլևս չեն հանդուրժվում։ «Հայաստանն Արևմուտքին ավելի մերձենալուն և ուղղակի Եվրամիության անդամության վերաբերյալ հայտարարելուն այլընտրանք չունի։ Այլընտրանքը Հայաստանի ոչնչացումն է։ Դրա այլընտրանքը նշանակում է, որ պետք է հանդուրժենք ռուսական սահմանապահների ներկայությունը մեր սահմաններին։ Քանի ռուսները այդ սահմաններին են, խաղաղություն չի լինելու, մեզ արյունաքամ են անելու ռուսները»,- ասաց Բաբաջանյանն ու նշեց, որ ռուս սահմանապահներին օդանավակայանից հեռացնելու գործընթաց կա՝ պաշտոնական մակարդակով։
«Գիտեմ, որ այդպիսի որոշում կա, և այդ որոշումն էս պահին իմպլեմենտացիայի փուլում է»,- ասաց Արման Բաբաջանյանը։
Բաբաջանյանը նաև նշեց, որ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ Միացյալ Նահանգները նախատեսում է պատժամիջոցներ կիրառել։
Համատարած վախ, անորոշություն, անհուսություն. Բաբաջանյանն այսպես է բնութագրում Եվրոպայի զգացողությունները ներկա անվտանգային հիմնախնդիրների համատեքստում՝ հատկապես Նավալնիի մահվան լուրից հետո. «Փակ հանդիպումների ժամանակ եվրոպացի պաշտոնյաները քննարկում էին պատերազմի տեղափոխումը Եվրոպայի արևելյան հատված։ Լեհաստանի տարածքը, Մերձբալթիկան, Գերմանիայի հյուսիսը կարող են դառնալ պատերազմական գործողությունների թատերաբեմ։ Ռեալ այսպիսի հեռանկար են տեսնում»։
Ըստ Բաբաջանյանի՝ հենց Մյունխենյան գագաթնաժողովի օրը Նավալնիի հետ տեղի ունեցածը մեսիջ էր եվրոպացի պաշտոնյաներին, և ռուսներն այդ իմաստով հաջողել են. «Ամիսներ առաջ նախատեսված ամերիկյան պանելը, երբ Քամալա Հարիսը պետք է ելույթ ունենա, խափանվում է, և որոշում են խոսքի իրավունք տալ Նավալնիի կնոջը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան