Ռուսաստանի ու Հայաստանում գործող 5-րդ շարասյան հիստերիան ու վերջին հույսի ճիչերը. Հայաստանը շրջադարձ է կատարում՝ անվերադարձ
Հայաստանում գործող 5-րդ շարասյունը հիստերիայի մեջ է։ Եվ պետք է նկատել, որ դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեն Հայաստանում ծվարած ռուսական ազդեցության գործակալները։ Բացի նրանից, որ Հայաստանը տևական ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին, ռուսական հարթակներում կազմակերպվող տարատեսակ միջոցառումների, բանակցությունների՝ բացառությամբ տնտեսական ուղղվածությամբ միջոցառումները, ինչպիսին է ԵԱՏՄ-ն, վերջին ամիսների ընթացքում էլ, ինչպես նաև երեկ հերթական և Ռուսաստանին  խիստ անհանգստացնող հայտարարություն ու քայլեր են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կառավարությունը։ 
Փաշինյանը երեկ Franc 24-ին տված հարցազրույցում ուղիղ ասել է, որ ամիսներ առաջ Ռուսաստանը ուղիղ կոչ էր անում Հայաստանի բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում, և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել: 

Բացի դրանից՝ վարչապետն անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությանը՝ հատուկ շեշտելով Ռուսաստանի դերի մասին, հստակ թիրախավորելով Ռուսաստանին։

«Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցված է»,- ասել է Փաշինյանը։
Սրան էլ գումարվեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, որն, ի դեպ, աննախադեպ էր, քանի որ Լըկորնյուն Ֆրանսիայի պաշտպանության առաջին նախարարն էր, որ ժամանեց Հայաստան։ Այցի ընթացքում վերջինս իր պաշտոնակցի՝ Սուրեն Պապիկյանի հետ մի շարք պայմանագրեր ստորագրեց։

Ռուսական հիստերիային անկասկած դեռ ականատես կլինենք, գուցե ավելիին, քան հիստերիան է։ Բայց հատկանշական է Հայաստանի ներսում գտնվող որոշ շրջանակների արձագանքը։ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայկական լրատվականներից՝ Ժուռնալիստների միության ոչ բարով նախագահ Սաթիկ Սեյրանյանին պատկանող 168․am կայքի լրագրողի կողմից, հարց է հնչում Պապիկյանին՝ «արդյոք Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չէ՞ Հայաստան-Ռուսաստան մեր պարտավորություններին՝ նաև ՀԱՊԿ շրջանակներում մեր պարտավորություններին»։ 
Հայաստանցի լրագրողի հարցում ակնհայտորեն առաջին պլան է մղված ոչ թե Հայաստանի Հանրապետության շահը, այլ՝ Ռուսաստանի։ Ի՞նչ է նշանակում «Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հանդեպ մեր պարտավորություններ»։ Ո՞ր պարտավորությունների մասին է խոսքը։ Այսինքն՝ ըստ հայ լրագրողի՝ Հայաստանը պետք է իր անվտանգային շահը մի կողմ դնի և նայի, որ հանկարծ իր քայլերը չհակասեն ՌԴ-ի շահերի՞ն։ Կամ ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը։  Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը իրենց պարտավորությունները կատարեցի՞ն, որ հիմա էլ Հայաստանը նայի, որ հանկարծ ինքն էլ իր քայլերով հակադրություններ չստեղծի Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի շահերի հետ։ Հայ լրագրողի դարդուցավը ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի շահե՞րը պետք է լինեն, թե՞ իր պետության անվտանգությունը։ Հաջորդ հարցով էլ լրագրողը փորձում է ֆրանսիացի պաշտոնյայից ճշտել՝ այդ ինչպե՞ս եք Հայաստանին զենք վաճառում։ Ինչպե՞ս կարելի է ՌԴ դաշնակից Հայաստանին զենք վաճառել։ «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ՀՕՊ  միացյալ պաշտպանության մասին համաձայնագիր։ Այ դուք ՀՕՊ միջոցներ եք վաճառում։ Այդ հնարավորությունները, պայմանները հաշվի առե՞լ եք, ներդաշնակ լինելո՞ւ են ձեր վաճառած ՀՕՊ միջոցները Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ միացյալ համակարգի հետ»,- հարցնում է 168․am-ի լրագրողը։

Ըստ էության, հայկական լրատվամիջոցի աշխատակիցը բացատրում է Ֆրանսիային Ֆրանսիայի շահը, նշում, թե Հայաստանին ՀՕՊ միջոցներ վաճառելը խնդրահարույց կարող է լինել Ֆրանսիայի համար։ Այսինքն՝ ըստ լրագրողի՝ ֆրանսիական կողմում այդքան չեն ֆայմե՞լ, չեն իմացե՞լ, չեն հաշվարկե՞լ։ Կամ ո՞րն է այդ հարցի նպատակը։ Լրագրողը փորձում էր ի՞նչ պատասխան ստանալ։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասելու էր՝ այ տեսե՛ք, ո՞նց չէինք ֆայմել, բա հիմա ի՞նչ ենք անելու։ Պապիկյա՛ն, բերեք հետ տվեք մեր զենքը, էդ պահը չէինք հաշվարկել։  Թե՞ սա ռուսական կողմի վերջին հույսի ճիչն էր։  

Ակնհայտ է, որ ճիչերով չեն սահմանափակվելու։ Ռուսական կողմն արդեն հայտարարել է 2,5 մլն շիշ Ջերմուկի իրացումը ՌԴ-ում կասեցնելու մասին։ Եվ սա, ակնհայտորեն, դեռ ծաղիկներն են։ Ռուսաստանը ավելի խիստ միջոցներ է ձեռք առնելու, և հայկական կողմը, կառավարությունը, հայկական բիզնեսը ու Հայաստանի քաղաքացիները պետք է պատրաստ լինեն դրան։ 
 
Վովա Հակոբյան