Բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց հետագայում միշտ չէ, որ դրա իրականացումը տեսնում ենք. Փաշինյանը՝ Ալիևի հետ մյունխենյան հանդիպման մասին․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը


France 24, Մարկ Պերելման – Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնագրավումից հետո նախորդ սեպտեմբերին, ինչպես նաև մի քանի օր առաջ կրկին խնդիրներ եղան, Դուք հանդիպեցիք Մյունխենում պարոն Ալիևին, և նա այդ հանդիպումը որակեց որպես կառուցողական և օգտակար: Արդյոք կարո՞ղ եք ասել, որ ձեր հարաբերություններում հույս կա և առաջընթաց կա: Ի՞նչ եք կարծում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ցավոք, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է եղել և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք։ Հույս ունեմ՝ այս անգամ այդպես կլինի։ Եվ ինչի՞ մասին է խոսքը` երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, որ համաձայնեցվել են նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը ճշգրտորեն ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունն են։


Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջև սահմանազատման քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին։ Եվ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պիտի բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի հիման վրա` հավասարության և փոխադարձության շրջանակներում։ Մենք այս սկզբունքները կենտրոնացրել ենք և արտահայտել «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Եթե Ադրբեջանն այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները՝ մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա։