Ռուսական ռազմաբազան ՀՀ-ում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում. դա այլ իրավապայմանագրային հարթություն է. Փաշինյան․ տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը
France 24, Մարկ Պերելման – Երկու կարճ հարց: Ռուսական ռազմական բազա կա Հայաստանի տարածքում: Արդյոք մտադի՞ր եք այն փակել և արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա: France 24, Մարկ Պերելման – Իսկ ռուսական բազա՞ն: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել: