«Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը, TRT Haber-ին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նաև նշել է, որ կա այլընտրանք՝ ընդգծելով «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքով անցնելու հնարավորությունը։
Civic.am-ի հետ զրույցում այս առնչությամբ հայտնելով իր տեսակետը՝ թուրքագետ Նելլի Մինասյանն ասաց, որ այդ խնդիրը շատ քննարկվեց և այսօր, ըստ էության, թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ Հայաստան-Թուրքիա գործընթացների առանցքային խնդիրն է կազմում։
«Իմ կարծիքով՝ իրենք դեռևս փորձելու են առաջ քաշել հիմնականում միջազգային տրամաբանությունը։ Նույն այդ նախարարն իր խոսքում նշում է, որ իրենց պետք է այնպիսի ճանապարհ, որը կլինի առանց վերահսկողությունների, առանց մաքսային զննության ենթարկվելու։ Այսինքն՝ ուղիղ ճանապարհ, որը կանցնի, և ոչ մեկը չի ստուգի, թե ինչպիսի բեռներ կամ ինչ ապրանքներ են տեղափոխվում մի կողմից մյուս կողմը։ Այսինքն՝ միջանցքային տրամաբանությունը սա է ենթադրում, ինչը, բնականաբար, հայկական կողմին ընդհանրապես ձեռնտու չի։ Եվ եթե անգամ տարածքային ամբողջականությունը չի խախտվում, և ուղիղ ճանապարհ է անցնում, երկաթուղին նկատի ունեմ, կրկին չի բխում մեր շահերից, որովհետև ակնհայտ է, որ այնտեղով հնարավոր ամեն ինչ կարող են տեղափոխել։ Եվ այդ համատեքստում իրենք դեռ կփորձեն, քանի դեռ այդ հնարավորությունը աշխարհաքաղաքական առումով ձեռնտու կլինի, առաջ տանել այդ տրամաբանությունը»,- ասաց Նելլի Մինասյանը։
Վերջինս կարծում է, որ դրան զուգահեռ առաջ են քաշել տարբեր, այսպես կոչված, այլընտրանքներ, մասնավորապես խոսքը վերաբերում է Իրանի տարածքով այլընտրանքին, ինչը, բնականաբար, այդ համատեքստում չի տեղավորվում, որովհետև այն ճանապարհը, որը որպես այլընտրանք դիտարկվում է Իրանի կողմից, նույն պայմաններով Հայաստանը նույնպես պատրաստ է ճանապարհ տալ, էլ չասած, որ այդ ճանապարհը Իրանի տարածքով վաղուց գործում է։
«Այս մասով Իրանը հստակ իր դիրքորոշումն արտահայտել է, որ ինքը կողմ է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը, դեմ է տարածաշրջանի երկրների ցանկացած սահմանների փոփոխությանը և միջանցքային տրամաբանությանն է դեմ, որովհետև ինչքան էլ որ թուրք-ադրբեջանական կողմը փորձի ներկայացնել, որ դա միջանցք չէ, միևնույն է՝ դա ենթադրում է միջանցք՝ իրենց պատկերացրածով, որի դեպքում Հայաստան-Իրան սահմանը, այդ 42 կիլոմետրանոց փոքրիկ հատվածն ուղղակի վերանալու է, եթե դա էքստերիտորիալ սահման լինի, ինչը բնականաբար Իրանին ևս ձեռնտու չի։ Եվ սա այն հիմնական խնդիրն է, որի շուրջ իմ կարծիքով՝ Հայաստանը և Իրանը գուցե ունեն նաև որոշակի պայմանավորվածություններ»,- նշեց թուրքագետը։
Փետրվարի 24-ին, «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ընթացքում ռուս փորձագետ Դմիտրի Սուսլովը Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունները դիտարկել է Ռուսաստանի և Արևմուտքի գոյաբանական հակամարտության տեսանկյունից և նշել, որ «Հայաստանի ներկայիս քաղաքականությունը շարունակելու արդյունքը կլինի այն, որ նրա դեմ ուժի զանգվածային կիրառում կլինի այլ կողմից, օրինակ՝ Թուրքիայի, որն արդեն նրա հետ կռվել է Լեռնային Ղարաբաղում»։
Այս առնչությամբ թուրքագետն ասաց, որ չի կարծում, թե այս աշխարհաքաղաքական դասավորվածության մեջ Թուրքիան ուղղակի ուժ կկիրառի Հայաստանի նկատմամբ, Թուրքիան ավելի շատ իր գործողությունները ներդաշնակում է Ադրբեջանի հետ. դրա անհրաժեշտությունը չկա։
Հարցին, թե այս պարագայում ինչ նպատակ է հետապնդում ռուս փորձագետի այս հայտարարությունը, թուրքագետն ասաց. «Կա այդ ավանդական քաղաքականությունը, որ եթե Ռուսաստանը չլինի, Հայաստանը գոյություն չի ունենա, Թուրքիան կուլ կտա Հայաստանին։ Իմ կարծիքով՝ այդ քաղաքականության համապատկերում պետք է դիտարկել»։
Լիլիթ Թադևոսյան