Նստած ենք ռումբի վրա, և այն մեր տակից օր առաջ հանել է պետք, ընդ որում՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-իրանական սահմանից. Մեհրաբյանը՝ ռուսական զորքը ՀՀ սահմաններից հանելու մասին
Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հրապարակեց մի տեսանյութ, որով տեղեկացվում էր որ Սյունիքում ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել։
Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ   Ռուբեն Մեհրաբանն ասաց, որ այդ ուղեկալների բացումը ահագին ուշացած քայլ է, որը, իր պատկերացմամբ, պետք է առաջնահերթ լիներ, թեև հասկանում է, որ այստեղ օբյեկտիվ դժվարություններ կային՝ կապված նաև անձնակազմի համալրման և վերապատրաստման, մարտական ներդաշնակեցման հետ։ 

«Դա ահագին ժամանակ պահանջող գործընթաց է, և զուգահեռ պատկերացնում եմ, որ ընթացել են այդ աշխատանքները։ Այո, սրանք այն առաջին հինգ բջիջներն են, որոնք  ոչ այնքան բարենպաստ հարևանների հետ մեր սահմաններում հայկական սահմանապահ զորքերը տեղակայելու համար առաջամարտիկներն են։ Ամբողջ հայ-ադրբեջանական սահմանը պետք է դրանցով կահավորվի, հայ-իրանական սահմանը՝ ռուսների փոխարեն, և իհարկե հայ-թուրքական սահմանը՝ էլի ռուսների փոխարեն։ Հայաստանը 33-ամյա անկախությունից հետո ի զորու է և պարտավոր է իր  արտաքին սահմաններն իր հարևանների հետ պաշտպանել։ Դա ցանկացած պետության ուղղակի ֆունկցիաներից մեկն է, և իհարկե այս քայլը չափազանց  կարևոր է, և կարևոր է, որ դա արվում է հրապարակային։ Քայլերը, որոնք արվում են հարկատուների հաշվին, պետք է հայտնի լինեն հարկատուներին։ Եվ նաև մեր հարևաններին պետք է հայտնի լինեն՝ ինչ ենք մենք անում նրանց սահմաններին»,- ասաց քաղաքագետը։ 

Վերջինս նշեց՝ եթե այս ամենով կահավորվում է սահմանը, ռուսական զորքն այնտեղ դառնում է առնվազն ավելորդ, որովհետև հաշվի առնելով, թե ինչով է այնտեղ զբաղված ռուսական զորքը, ապա մենք ամենօրյա ռեժիմով նստած ենք ռումբի վրա, և այդ ռումբը մեր տակից օր առաջ հանել է պետք, ընդ որում՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-իրանական սահմանից։
Քաղաքագետի խոսքով՝ քանի դեռ հայ-իրանական սահմանին ռուսներ են կանգնած, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը միշտ լինելու է Ռուսաստանի բերանի ծամոնը, և «Ռուսաստանի մոտ այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միշտ քոր է գալու, այդ քորը պետք է վերացնել՝ ռուսներին այնտեղից հեռացնելով»։ 

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը, TRT Haber-ին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նաև նշել է, որ կա այլընտրանք՝ ընդգծելով «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքով անցնելու հնարավորությունը։

 Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ թուրք նախարարը եթե մտածում է, որ եթե Հայաստանով չանցնի, անցնի Իրանով, ապա Իրանը պետք է աչքերը փակի իրենց գնացքների վրա ու թողնի՝ ինչ ուզեն, ինչքան ուզեն առանց ստուգելու անցկացնել, դա չի լինելու, ու նրանք չեն կարողանա Իրանին համոզել այլ բան անել, քան այն, ինչ միջազգային նորմերն են պահանջում։

«Իսկ պաշտոնական Երևանն էլ բազմիցս ասել է, որ Հայաստանը նույն պայմաններով, ինչ Իրանն է առաջարկում, պատրաստ է ճանապարհը տրամադրել, ճանապա՛րհ, միջանցք չի լինելու։ Ձեր ականջները կտեսնեք, միջանցք չեք տեսնի, մոռացեք դուք և ձեր սիրելի ռուսները»,- ասաց քաղաքագետը։ 

Խոսելով նաև ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցնելու վարչապետի հայտարարության մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝ վարչապետն ասաց այն, ինչն արդեն դե ֆակտո կա, բնականաբար հաջորդ քայլը, ըստ տրամաբանության, արդեն դե յուրե ձևակերպումն է այն իրավիճակի, որը կա դե ֆակտո, բայց դա կլինի պահի որոշում։  

Քաղաքագետի կարծիքով՝ պահի որոշումը կախված է լինելու երկու հանգամանքից, և երկու հանգամանքներն էլ կանխորոշում են Ռուսաստանի ռազմաքաղաքական դեստրուկտիվ կարողություններ։

«Առաջինը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքն է և ԱՄՆ-ի ընտրական արշավի ընթացքը։ Այդ երկուսից է, որ կախված է, թե Ռուսաստանն ինչ դեստրուկտիվ  կարողություն կունենա մեր տարածաշրջանում, և դրանով է պայմանավորված, թե մենք երբ, այսպես ասած, շոկերի մինիմիզացման և ռիսկերի կառավարման տրամաբանության մեջ կանենք մեր շահերից բխող այլ քայլեր, որովհետև այդ ՀԱՊԿ-ը մոռգում մնացած անտեր մեռել է, որի հետևից ոչ մեկը չի գալիս»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Խոսելով նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցի մասին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ շատ կարևոր կլինի նախագահ Զելենսկու այցը Հայաստան։

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը և Ուկրաինան պետք է ֆիքսեն շահերի և նպատակների ընդհանրությունը, հետխորհրդային սահմանների ճարտարապետությունը կառուցեն 1991 թվականի սահմանների հիման վրա։

«Ինչից հրաժարվում է Ռուսաստանը, և ինչն էլ գիտեք՝ պոչ է խաղացնում Ադրբեջանը։ Եվ այստեղ, այո, մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ, և մենք դա պետք է ֆիքսենք։ Եվ ոչ միայն Զելենսկու այցը Հայաստան, այլև Հայաստանի ղեկավարության X, Y մակարդակի պայմանական այցը Կիև, որովհետև դա ունի նաև ցուցիչը՝ միջազգային հարաբերությունների, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ Ուկրաինայի պատերազմը միջազգային հարաբերությունների կենտրոնական իրադարձությունն է, և այսօր միջազգային հարաբերությունների համակարգը ուկրաինակենտրոն է։ Առաջին անգամ էր, որ France24 -ում Հայաստանը հստակ կողմնորոշում է հայտնել, թե ինչպես է տեսնում ռուս-ուկրաինական պատերազմի էությունը և ելքը։ Եվ Փաշինյանն ասաց, որ այդ Ալմա-Աթայի հռչակագիրը ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են ստորագրել, այլև Ուկրաինան և Ռուսաստանը»,- եզրափակեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան