Նավալնու մահը ցույց տվեց, թե ով է Պուտինը․ Ուկրաինան պաշտպանում է նաև արևմտյան արժեքները․ Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ
Փետրվարի 24-ից Երևանում է գտնվում Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերի գլխավորությամբ։ Պաշտոնյան իր այցի ընթացքում այցելել է Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի, ներքին գործերի նախարարի, Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների, ինչպես նաև արդարադատության նախարարի և Մարդու իրավունքների պաշտպանի ու  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Երևանում Գերմանիայի դեսպանատանը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում Վինքելմայեր-Բեքերն ասաց, որ հետաքրքրությունների առանցքում եղել է իրավական համագործակցությունը։

«Մեր հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրությամբ հետևել ենք այն բոլոր զարգացումներին, որ ձեր երկիրը տարել է դեպի կայուն ժողովրդավարություն։ Ամուր տպավորություն ստացանք, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է՝ շարունակելու իր որդեգրած ժողովրդավարական ուղին։ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո մեկնարկել են բարեփոխումներ, կատարվել են զգալի փոփոխություններ, բայց դեռ կան շատ անելիքներ։ Նույնիսկ Գերմանիայի պարագայում ամեն ինչ կատարյալ չէ»,- ասաց Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։

Գերմանական պատվիրակությունը դրական տպավորություններ է ստացել կոռուպցիայի դեմ պայքարում, ոստիկանության ոլորտում արված բարեփոխումների և արդիականացման քայլերում։ 

Արծարծվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված թեմաներ։

«Մենք Գերմանիայում մեծապես ուրախ կլինեինք նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության ձևավորմանը։ Մենք դրական ենք գնահատում նաև հայկական կողմի ջանքերը՝ ուղղված արևմտյան ժողովրդավարական արժեքների որդեգրմանը, ուստի պատրաստակամ ենք գերմանական կողմից մեր աջակցությունը ցուցաբերել ինչպես խաղաղության, այնպես էլ բարեփոխումների գործընթացին, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,- ասաց Վինքելմայեր-Բեքերը։

Ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների  դատապարտման ուղղությամբ Գերմանիայի հնարավորությունների մասին հարցին անդրադառնալով՝ Վինքելմայեր-Բեքերն ասաց, որ Միջազգային քրեական դատարանը ունի գործիքակազմ այդ հարցերով որոշումներ կայացնելու համար։ 

Իսկ Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու մասին Բունդեսթագի պատգամավորն ասաց. «Մեզ համար օտար ու խորթ է այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։ Ես մի երկրից եմ, որտեղ անհնար է պատկերացնել մարդու իրավունքների այդպիսի խախտում և անհնար է պատկերացնել որևէ խմբի կամ էթնոսի բռնի տեղահանում։ Այդ պատճառով է, որ մենք տարակուսում ենք, թե ինչպես այս տարածաշրջանում հակամարտող կողմերը շահագրգիռ չեն ի վերջո խաղաղության հասնելու՝ ի շահ մարդկանց բարօրության։  Ես կարծում եմ, որ խաղաղության գործընթացների այս փուլում մենք պետք է կարողանանք հանդես գալ որպես ազնիվ գործընկեր և որպես աջակցող կողմ, և ես կարծում եմ, որ հենց Հայաստանի շահերից է բխում, որ մենք կարողանանք մեր այդ գործառույթով նպաստել խաղաղության գործընթացին»։

Վինքելմայեր-Բեքերը հույս հայտնեց, որ սահմանների դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո կստեղծվի իրավիճակ, որ ՀՀ ինքնիշխան, ճանաչված սահմանը այլևս վիճարկման ենթակա չի լինի,  և դա հիմք կհանդիսանա կայուն խաղաղության համար։
Ռուս-ուկրաինական պատերազմի և Ալեքսեյ Նավալնու մահվան մասին հարցին ի պատասխան Վինքելմայեր-Բեքերն ասաց, որ Նավալնու մահը ցույց տվեց, թե ով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և կարծիք հայտնեց, որ ռուսաստանցիները այս դեպքից հետո կհասկանան, թե որքան կարևոր է ժողովրդավարության պայմաններում իրացնել իրենց հիմնարար ազատություններն ու օր առաջ ազատվել այդպիսի ռեժիմի տակ ապրելու լծից։ 

«Գերմանիան շարունակում է մնալ այն կարծիքին, որ շարունակելով աջակցել Ուկրաինային՝ մենք աջակցում ենք, որ Ուկրաինան կարողանա նախ և առաջ իրեն պաշտպանել, բայց այդ աջակցությունը ուղղված է նաև նրան, որ Ուկրաինան պաշտպանում  է նաև արևմտյան արժեքները, ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները։ Գերմանիան շարունակում է աջակցել Ուկրաինային ինչպես ռազմական առումով, այնպես էլ բժշկական օգնության տեսանկյունից, ինչպես նաև Գերմանիան ընդունել է բազմաթիվ փախստականներ Ուկրաինայից, որոնք իրենց պաշտպանությունն են գտել մեր երկրում»։ 
Բունդեսթագի պատգամավորի այցը տարածաշրջանային էր։ Երևանից հետո նա կուղևորվի նաև  Վրաստան և Ադրբեջան։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան