Կառավարությունը մի քանի եղանակով աջակցելու է տեղահանված անձանց կեցության ապահովման հարցում՝ ընձեռելով տուն կառուցելու կամ ձեռք բերելու հնարավորություն։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կառավարության մշակած ծրագիրը։
Կառավարության մշակած ծրագրով տեղահանված անձինք աջակցություն կարող են ստանալ տուն կառուցելու կամ տուն/բնակարան գնելու նպատակով։ Այդ դեպքում առաջին փուլում աջակցություն կստանան 3 եւ ավելի անչափահաս երեխաներով ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու եւ մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։
Տեղահանված անձինք հնարավորություն կունենան նաև սոցիալական բնակարաններ ստանալ, եթե ներառված չեն կառուցման կամ գնման սերտիֆիկատների աջակցության ծրագրերում։
Մինչ այդ կառավարություն նախատեսում է տարբեր չափերով և մեխանիզմներով աջակցել տեղահանված անձանց կեցության վայրի վարձակալության հարցում։