Բռնի տեղահանվածներին ուղղված աջակցության ծրագրերի բյուջեն կազմել է մոտ 35-36 մլրդ դրամ, ևս 4 մլրդ ծախսել ենք սկզբում՝ հրատապ սննդի ու կեցության համար․ Տիգրան Խաչատրյան
«Միայն 2023թ-ին վերաբերվող մասով աջակցության ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 35-36մլրդ դրամ, ևս 4մլրդ դրամ ծախսել ենք սկզբում, երբ աջակցում էինք մեր հայրենակիցներին հրատապ սննդի ու կեցության համար անհրաժեշտ այլ պարագաների մասով»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մոտավորապես 40 մլրդ դրամ է եղել այն բյուջեն, որ վերաբերում է 2023թ.-ին: Որոշ միջազգային կազմակերպություններ կան, որոնք մեզ օգնում են այս ծրագրերի շրջանակներում. ծավալները չեմ ցանկանում քննարկել, որովհետև ՀՀ կառավարության կողմից ուղղակիորեն ծախսված գումարներն անհամեմատ ավելի մեծ են: Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին»: 

Փոխվարչապետ Խաչատրյանը դրական է արձագանքել այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բոլոր ծրագրերն արվում են այն բանի համար, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները մնան Հայաստանում և ինտեգրվեն սոցիալական կյանքին: