Օրերս բնապահպանները ահազանգել էին, որ Գյումրիում թափառող կենդանիների ստերջացմամբ զբաղվող ընկերությունը շներին պահում է Գյումրիին մոտ Ջաջուռ գյուղի տարածքում գտնվող անասնագոմում՝ կոպտագույն կերպով խախտելով կենդանիների պահման, ինչպես նաև վիրահատության համար նախատեսված ստերիլ միջավայրի պահպանման կանոնները։
«Կենսաբազմազանության պահպանության հիմնադրամի» ներկայացուցիչները նշել էին նաև, որ շներին չեն կերակրում, և հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և պետական միջոցների վատնման համար։
Թափառող կենդանիներին ստերջացնելու մրցույթը հաղթել է «Կումնի» ՍՊԸ-ն։ Գյումրիի քաղաքապետարանից այսօր արձագանքել են բարձրացրած հարցերին։ Քաղաքապետարանի լրատվականը ռեպորտաժ է պատրաստել, որում ներկայացվում է, թե որտեղ են կատարում շների վիրահատությունը։ Անասնաբույժը ներկայացնում է, որ շներին ստերջացնում են ստերիլ պայմաններում, օգտագործում են համապատասխան դեղորայք։ Վերջինս ասում է, որ մինչև վիրահատելը շներին կերակրել չի թույլատրում, սակայն վիրահատությունից հետո կերակրում են։
Պահման պայմաններին, սակայն, ռեպորտաժում չեն անդրադառնում։ Ընդամենը 3 վայրկյան ցուցադրվում է այն վայրը, որտեղ պահում են շներին, այն էլ՝ կադրը լղոզած, որից հնարավոր չէ հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում շները։
Բնապահպանները, սակայն, այցելել են Ջաջուռ գյուղի անասնագոմ և տեսանկարահանել, թե ինչ պայմաններում են պահում շներին։
Քաղաքապետարանի պատրաստած նույն այդ ռեպորտաժում նշվում է, որ իրենց գերակա խնդիրներից է հետևելը, որ մրցույթով հաղթած ընկերությունը պահպանի տեխնիկական բնութագրում նշված պայմանները։
Իսկ քաղաքապետարանը կատարե՞լ է իր գերակա խնդիրը, հետևե՞լ է արդյոք, որ հաղթած ընկերությունը պահպանի մրցույթով նախատեսված տեխնիկական բնութագրերը։ Հետևե՞լ է արդյոք քաղաքապետարանը, որ շների պահման պայմանները պահվեն։ Այս հարցերի պատասխանը ռեպորտաժում չկա, իսկ քաղաքապետարանի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց, որ ռեպորտաժում ասվածից բացի՝ ավելացնելու ոչինչ չունեն։ Ապա պնդեց՝ հարցերն ուղարկել գրավոր տեսքով։
Բնապահպանների տարածած տեսագրությունից ակնհայտ է, որ շները պահվել են, մեղմ ասած, ոչ պատշաճ պայմաններում, իսկ քաղաքապետարանը խնդրի մասին իմացել է հենց բնապահպաններից ու ռեպորտաժի տեսքով փորձել սրբագրել առկա խախտումները՝ նպատակադրված չցուցադրելով շների պահման պայմանները և հրաժարվելով պատասխանել հարցերին։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան