Երևանը պետք է Թեհրանին վստահեցնի` ՀՀ շարժը դեպի Արևմուտք ոչ մի կերպ չի վտանգում Իրանի տարածաշրջանային շահերը
Civic.am-ը զրուցել է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի հետ:

Պարոն Շահմուրադյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեր տարածաշրջանում էր, հանդիպում ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարևորեց խաղաղությունը տարածաշրջանում և երկրների տարածքային ամբողջականության պաշտպանումը։ Այս ամենին ինչպես է վերաբերվում Իրանը, որ ՀՀ-ն շարժվում է դեպի արևմուտք։ 

Առհասարակ ԻԻՀ պաշտոնական արտաքին քաղաքանությունը հիմնված է հավաքական Արևմուտքի և մասնավորապես Արևմուտքին առաջնորդող գլխավոր տերություն՝ ԱՄՆ-ի հետ թշնամական կամ մեղմ ասած ոչ հաշտ հարաբերությունների վրա և Իրանը բազմիցս հայտարարել է` չի հանդուրժում իր հարևանության մեջ գտնվող երկրներում Արևմուտքի, ԱՄՆ-ի և հատկապես ՆԱՏՕ-ի ներկայությունը և Թեհրանը ցանկանում է, որպես Մերձավոր Արևելյան տարածաշրջանի առաջատար  անկախ ուժ տարածաշրջանային վեճերը կարգավորվեն հենց տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ։ Ավելի ճիշտ Պարսից ծոցի, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի տարածաշրջանի իսլամական երկրների փոխգործակցության և իդեալական մոտեցման դեպքում՝ Իսլամական երկրների միջև ձևավորվող ռազմաքաղաքական դաշինքների կամ մերձեցումների միջոցով։ Իհարկե Իրանի ոչ հաշտ դիրքորոշումն ԱՄՆ-ի և նրա Արևմտյան դաշնակիցների նկատմամբ, բխում է հենց այդ երկրների թշնամական վերաբերմունքից թե Իրանի, և թե Իսլամական աշխարհի հանդեպ, քանի որ Իրանը փորձում է անկախ քաղաքականության վարել իր ինքնիշխան տարածքում և միջազգային բեմում։  

Այս համատեքստում բնական է, որ Իրանը դրական մոտեցում չի ցուցաբերում Կովկասյան տարածաշրջանում Արևմուտքի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայության կամ կոնկրետ հայ-ադրբեջանական հակամարտության գործում նրանց խաղաղապահ արաքելությանը։ Իրանը խիստ կասկածանքով է նայում Անդրկովկասյան երեք հանրապետությունների մերձեցումն Արևմուտքին։ Իհարկե Իրանի այս վերաբերմունքը չի սահմանափակվում միայն Հայաստանի և Վրաստանի մերձեցմանը Արևմուտքին, այլ Իրանը նույնքան դժգոհ է Ադրբեջանի մերձեցմանը և ռազմաքաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդմանը Արևմուտքի, ԱՄՆ-ի և հատկապես Իսրայելի հետ, սակայն իր հյուսիս-արևմտյան դավանակից հարևան երկիր Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական կապերի և հատկապես Կասպիական ծովի ավազանում տրանսպորտային և դեպի Ռուսաստան հյուսիս-հարավ  ճանապարհի երկրորդ ճյուղի ստեղծման և Ռաշտ-Աստարա-Բաքու, և դրա շարունակությունը դեպի Ռուսաստան երկաթգծի կառուցման և միացման հարցերով Իրանն ավելի համբերատար և փափկանկատ ձևով է իր դժգոհությունը հայտնում Ադրբեջանին, հաշվի առնելով նաև Ռուսաստան-Ադրբեջան բարեկամական հարաբերությունները, որի մի անկյունում է կանգնած նաև Իրանը։ 

Իհարկե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի այցը Հայաստան և նրա հանդիպումը ՀՀ պաշտոնատարների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մի փոքր ծանր ու անախորժ ընկալվեց իրանական կողմից, որը բնական  է, սակայն Ստոլտենբերգի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանի հատուկ շեշտադրումը՝ թե Հայաստանը հանուն տարածաշրջանային խաղաղության պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, սակայն միևնույն ժամանակ փորձելու է իր տնտեսական և տրանսպորտային համագործակցությունը պահպանել ու ընդլայնել հարևան և բարեկամ երկիր Իրանի հետ, արդեն մասամբ կարող ենք ասել փարատեց իրանցի դիվանագետների մտավախություններն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հայաստանում ներկայության վերաբերյալ։ Բայց, կարևորն այն է, որ Հայաստանը Իրանի հետ գործնական երաշխիքներով և դինամիկ տնտեսաքաղաքական հարաբերությունների խորացմամբ Թեհրանին վստահեցնի, թե Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք ոչ մի կերպ չի վտանգում Իրանի տարածաշրջանային շահերն ու անվտանգային համակարգը։       

Հայաստանի` դեպի արևմուտք շարժը ինչպես կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա։ 

Եթե Հայաստանը կարողանա իրանական կողմին համոզել, որ Երևանի շարժը դեպի Արևմուտք միմիայն բխում է Հայաստանի անվտանգության և խաղաղության ապահովման և սահմանների անձեռնմխելիության և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված ոտնձգություններն ու ագրեսիան կանխելու և Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ և Հայաստանը Իրանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի և Հավաքական Արևմուտքի ջանքերին չի մասնակցելու, որի մասին խիստ կասկածամիտ են իրանցիները, ապա թերևս հնարավոր լինի Իրանին հասկացնել, որ Հայաստանը, որպես քրիստոնյա երկիր, որը նաև սերտ բարեկամական և քաղաքակրթական կապեր ունի Արևմուտքի, ինչու չէ նաև անվտանգային համատեղ շահեր ունի Իրանի հետ, ապա պատրաստ է Արևմուտք-Իրան հարցերի կարգավորման հարցում դրական դերակատարություն ունենալ և դեպի ԵՄ երկրները Հյուսիս-Հարավ ճանապարհով աջակցել Իրանին, կարծում եմ իրանական կողմը մի փոքր կզիջի իր կոշտ մոտեցումը Արևմուտք-Հայաստան հարաբերությունների մերձեցման վերաբերյալ։ Իրականում հարցը փոխվստահության և դրական համագործակցության մթնոլորտի ստեղծումն է, որում մեծ դերակատարություն է վերապահված հայաստանյան կողմի համար և Հայաստանը պետք է երբեմն իրենից համարձակություն ցույց տա Արևմտյան կողմի պահանջներին ևս ոչ ասելու առումով։ Նույնքան նաև կարևոր է իրանական տնտեսական, քաղաքական և անվտանգային կառույցների հետ Հայաստանի շփումների և համագործակցությունների ավելացումը։ 

Իրանը ևս բազմիցս հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, ՆԱՏՕ-Ն ու ԵՄ-ն ևս դա են պնդում։ Ստացվում է այս հարցում  նրանց շահերը համընկնո՞մ են։

Տարածաշրջանում սահմանների փոփոխության հարցում Իրանի և ՆԱՏՕ-ի ու ԵՄ մոտեցումներն ու ընկալումները մի փոքր տարբերվում են։ Իրանը միտված է, որ Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջաններում անվտանգային համակարգերը ձևավորվեն իր իսկ մասնակցությամբ ու գերակայությամբ և դեմ է Արևմտյան և հատկապես ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությանը իր մերձավոր տարածքներում և հատկապես մուսուլման երկրներում։ Իսկ կոնկրետ Կովկասյան տարածաշրջանում հաշվի արնելով, որ այդ տարածքը համարում է Ռուսաստանի անվտանգային ազդեցության և ներկայության գոտում գտնվող աշխարհագրական տարածք փորձում է ներկայումս Ռուսաստանի ազդեցության թուլացման և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ազդեցույան մեծացման պարագայում ինքը ևս ներկայության ունանա Կովկասում։ Մի խոսքով Իրանը փորձում է միջազգային և տարածաշրջանային անկայուն և բևերացված պայմաններում իր հեգեմոնիան տարածել Մերձավոր և հարևան երկրներում և իր ցանկացած խաղաղության, սահմանների անփոփոխության և անվտանգային համակարգն ստեղծել տարածաշրջանում։ Իրանի անվտանգային համագարգի ստեղծման ցանկություններին դեմ հանդիսացող Արևմտյան երկրների ուժերի ներկայությունը տարածաշրջանում Թեհրանի ղեկավարության կողմից ընկալվում է որպես հակադրման և թշնամական գործողություն և սա արդեն արմատականացած քաղաքական հասկացողություն է դարձել իրանական դիվանագիտական համակարգում և արտաքին հարաբերություններում։   Հետևաբար կարող ենք ասել, որ տարածաշրջանում սահմանների փոփոխության անթուլատրելիության հարցում Իրանի և Արևմուտքի մոտեցումներն ու ընկալումները տարբերվում են այնտեղ, որ սահմանները չպետք է փոփոխվեն բայց այդ սահմանների անփոփոխությունը երաշխավորողը չպետք է լինեն Արևմտյան դիտորդները կամ ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին։ Սա խնդիրը մի փոքր բարդացնում է և կարծում են Հայաստանը պետք է իրանական կողմի հետ ավելի շատ բանակցի փոխհասկացողության հասնելու համար։  
 
Իրանը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը կարողանա սեփական անվտանգությունը պաշտպանել նոր գործընկերներ ձեռք բերելով և հզորանալով, թե նրան պետք է այնպիսի Հայաստան, որը իրենից մեծ կախվածության մեջ կլինի անվտանգային առումով։
Ինչպես նշվեց, միջազգային միջավայրի առկա անկայուն վիճակը և աշխարհի երկրների քաղաքատնտեսական և սահմանների փոփոխվող պայմաններից օգտվելու և ավելի լավ դիրք գրավելուն ուղղված երկրների ջանքերը հանգեցրել են դերակատարներին դեպի նոր մտածողություն և  աշխարհաքաղաքական նոր դաշինքների ձևավորում: Այս հասկացողությունից զերծ չեն ոչ փոքր, ոչ էլ մեծ երկրները և յուրաքանչյուրը փորձում է երերուն աշխարհաքաղաքական միջավայրում և համաշխարհային նոր համակարգը չձևավորված պայմաններում իրենց ուրույն դերակատարությունն ու դաշնակցային համակարգն ստեղծել համաշխարհային գեոպոլիտիկական շախմատի տախտակում։ Այս առումով Իրանն ունի իր ընկալումները, մոտեցումները և քաղաքատնտեսական ու ռազմական հաշվարկները, որոնք հաճախ համընկնում և շատ դեպքերում էլ հակասում են մյուս դերակատար կամ մրցակից ուժերի նպատակներին կամ շարժերին։
Անկասկած Իրանի Իսլամական Հանրապետությունը ապագա աշխարհում իր տեղը սահմանող և որոշող երկրներից է համարում։ Այս հարցը հասարակ խնդիր չէ և պահանջում է ճիշտ մոտեցում և ըմբռնում միջազգային հարաբերությունները կարգավորող մթնոլորտի և տարբեր երկրների՝ այդ թվում ընդդիմադիր խմբերի և մրցակիցների գործունեության մասին: 

Իրանը իհարկե կցանկանա, որ Հայաստանը իր սեփական ուժերով և վստահելի միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցությամբ ապահովի իր սահմանների և ինքնիշխանության անվտանգությունը, սակայն այդ անվտանգության համակարգը չպետք է հակասի Իրանի տարածաշրջանային շահերին և անվտանգության երաշխիքներն ապահովելու համար անհրաժեշտ է Իրանի ներգրավվածությունն անվտանգային և կայունության հաստատման գործընթացներում՝ ըստ պայմանների և ժամանակների։ Դա կարող է լինել անվտանգային և ուժային կառույցների ուղղակի մասնակցությամբ կամ տնտեսական քաղաքականության և փափուկ ուժի կիրառման միջոցով։ Իրան-Հայաստան հարաբերություններում պետք է ուսումնասիրել, թե յուրաքանչյուր երկիր ինչ սցենար է նախագծել իր համար և շարժվում է դեպի լավ ապագա։ Այստեղ պետք է կողմերը փոխվստահության մթնոլորտ պատրաստեն այլ գործընկերների ներգրավվածության և համագործակցության նպատակով։ Իրանը մինչ այժմ բազմիցս հայտարարել է որ կողմ է Հայաստանին աջակցել իր սահմանների և երկրի անվտանգությունն ապահովելու գործում, իսկ Հայաստանը պետք է նկատի ունենա նաև Իրանի աշխարհաքաղաքական և տնտեսական ու անվտանգային շահերի ապահովմանն ուղղված համարժեք քայլեր ձեռնարկելու և երաշխիքների ու պայմանների ստեղծումը։    

Առհասարակ տարածաշրջանային ո՞ր հարցերում չեն համընկնում Հայաստանի ու Իրանի շահերը։

Բարեբախտաբար Հայաստանի և Իրանի տարածաշրջանային համատեղ շահերն այնքան լայն՝ բազմակողմանի և բազմաշերտ են, որ դժվար թե հնարավոր լինի խոսել երկու երկրների միջև անհամատեղ կամ հակասող խնդիրների առկայության մասին։ Հայաստանը Իրանի վստահելի, անվտանգ, բարեկամ և կարելի է ասել հարազատ հարևանն է։ Հայ-իրանական հարաբերությունները ունեն տնտեսական, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, մշակութային, միջազգային երթուղիների և առևտրական կապերի խորություն։ Իրանը և Հայաստանը համագործակցում են միջազգային կառույցներում միմյանց շահերն ապահովելու և տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու ուղղույամբ։ Երկու երկրի ժողովուրդներն ունեն պատմամշակութային բարեկամական հարաբերություններ։ Երկու պետությունները համագործակցում են էներգետիկայի, սահմանային առևտրական գոտիների ստեղծման և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման ոլորտներում։ Իրանի համար մեծ նշանակություն ունի Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ  երթուղու ստեղծումը դեպի ԵՄ աևելյան հատվածի երկրներ և մուտք գործել ԵԱՏՄ-ի անդամ երկրների շուկաները։  Իրանի համար անչափ կարևոր է Հայաստանի կայունության և սահմանների անձեռնմխելիության և հատկապես Սյունիքի մարզի անվտանգության ապահովումը՝ որպես ամուր պատնեշ պանթուրանական նկրտումները կանխելու համար։ Սա բխում է նաև Իրանի ազգային անվտանգության շահերից և Իրանը փորձում է Սյունիքի տարածքում ստեղծել իր անվտանգային և տնտեսական բազաները։ Շահերի չհամընկնող հարցեր գրեթե չկան։ Միայն Իրանին անհանգստացնում է ԵՄ անդամ երկրների խաղաղապահ առաքելությունը Հաայստանի սահմաններում, որի փարատման համար հայկական կողմից կարիք կա ավելի լայն դիվանագիտական աշխատանքների ծավալումը և շփումներն իրանական կողմի հետ։ 

Իրանի և Հայաստանի տարածաշրջանային ապագա դերի հաստատման և համագործակցության գործում հաջողությունը պահանջում է ներգրավված դերակատարների նպատակների և ուղղության իրական ճանաչում և ճիշտ ըմբռնում:

Դավիթ Լևոնյան