Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից պահանջել էր պարզաբանել հարցը, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում։ Կազմակերպությունից պատասխանել են վարչապետին՝ նշելով, որ պատասխանատվության գոտու վերաբերյալ ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։
«Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է: ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմ հիմքով»,- ասել է կազմակերպությունը:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասաց, որ եթե ուղիղ ասելու լինի, ապա այս հայտարարությամբ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ գնացեք դելիմիտացրեք, դեմարկացրեք ձեր սահմանը՝ ինչպես կարող եք։
«Դա մի բան է նշանակում՝ այնտեղ, որտեղ Ադրբեջանը կհամարի, որ ավարտվեց Ադրբեջանը, և սկսվեց Հայաստանը, մենք դրա պատասխանատուն ենք։ Բայց խոսքը սրա մասին չի եղել իրականում։ Ջերմուկում հանգիստը վայելող ՌԴ դեսպանն առնվազն տեղյակ է եղել, որ դա ՀՀ սուվերեն տարածք է։ Եվ առհասարակ ՀՀ սուվերեն տարածքը, անգամ իրենց կողմից այդքան դատափետված, պետք է անցնի Սովետական Միության գլխավոր շտաբի վերջին թվականի քարտեզներով։ Այսինքն՝ ՀԽՍՀ սահմանը և Ադրբեջանի ադմինիստրատիվ սահմանը համարվում է միջպետական սահման։ Հիմա ՀԱՊԿ-ը իր վրայից հերթական անգամ գցում է հարցը։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք վերջնական այդ որոշումը կայացնենք ու դուրս գանք այդ կառույցից»,- ասաց քաղաքագետը։
Հարություն Մկրտչյանի խոսքով՝ հակառակ դեպքում այն ջանքերը, որ գործադրում է հավաքական Արևմուտքը, եթե դա ստացվի, այսինքն՝ սահմանը դելիմիտացվի և դեմարկացվի, մենք նորից հայտնվելու ենք ՀԱՊԿ-ի ճիրաններում։
Քաղաքագետը նշեց, որ նրանք չեն խոսում պատասխանատվության նկատառումից, նրանք խոսում են ինչ-որ մտացածին խաղաղապահներից, բայց ՀԱՊԿ-ը մեր առաջ ունի կոնկրետ պարտավորվածություն, նրանց խնդիրը տարածաշրջան խաղաղապահներ բերելը չէ, խնդիրը Հայաստանի ինքնիշխան տարածքի զավթումը առնվազն քաղաքական մակարդակում արձանագրելն է և դրանից հետո դրանից բխող հետևանքներով գործելը։
Խոսելով նաև այն մասին, որ երեկ գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ), Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, քաղաքագետն ասաց, որ սա իրականում ռուս-ադրբեջանական համագործակցության արդյունք է, երբ որ շարունակաբար ադրբեջանական կողմը փորձում էր հող նախապատրաստել գործողության համար, երկու օր շարունակ նրանք կեղծ լուրեր էին տարածում, որ հայկական կողմը զորքեր է կուտակում սահմանի երկայնքով. սա դրա հետևանքն է։
Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Հարցին, թե արդյոք սահմանային միջադեպը հատուկ չէ՞ր արված այդ հանդիպման վրա ստվեր գցելու և ամեն կերպ այն խոչընդոտելու համար, քաղաքագետն ասաց. «Վտանգը կա, վտանգը մինչև ամիս 5-ը առկախված է։ Այս համատեքսոտւմ ինչ տեղի կունենա ՀՀ անմիջական սահմաններին և սահմաններից ներս, ես կապում եմ ամսի 5-ի իրադարձությունների հետ։ Իսկ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ կսկսի, թե ոչ՝ ես նրանց փոխարեն չեմ կարող ասել, բայց եթե Ադրբեջանն իրեն վերջնականորեն տեղավորում է ռուսական նավի մեջ, ապա միանշանակ հնարավոր է, և ռուսական ու ադրբեջանական կողմը կգնա սրան, բայց արևմտյան մեր գործընկերների ջանքերը կարծում եմ՝ արդյունքներ կտան, ու Ադրբեջանն իրեն Ռուսաստանի տեղը չի դնի առնվազն։ Որովհետև թե՛ հնարավորություններով, թե՛ առհասարակ աշխարհագրական դիրքով և չափերով Ադրբեջանը բոլորովին Ռուսաստան չէ և չի կարող դիմագրավել արևմտյան՝ արդեն իսկ օդում կախված սպառնալիքներին՝ սանկցիաների կիրառման մասով»,- նշեց քաղաքագետը։
Իսկ թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից՝ Հարություն Մկրտչյանն ասաց, որ ակնկալիքները բավականին մեծ են, բայց հիմա էլ չի ուզում ակնկալիքներից խոսել, անգամ դրանց մասին բարձրաձայն մտածել, որովհետև յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր բառ, որ ակնկալիք է ստեղծում մեզ մոտ, որ մեր անվտանգային բարձիկները կհամալրվեն, ադրբեջանական կողմի մոտ ջղաձգումներ է առաջացնում, ուստի մինչև ամսի 5-ը մեր կողմից է զսպվածություն ակնկալում։
«Այն, ինչ տեղի կունենա ամսի 5-ին, տեղի կունենա, և դրանից հետո հնարավորություն կունենանք քննարկելու։ Իմ կարծիքով՝ այս մեծ աղմուկը որ բարձրացել է, նաև օդում կախված լուրերի արդյունք է, որ խոսում ենք, քննարկում ենք, մեր ակնկալիքներն ենք բարձրաձայնում։ Եվ այդ համատեքստում ադրբեջանական ու ռուսական կողմում ինչ-ինչ դավադրությունների տեսություններ են փորձում ստեղծել ու այդ տեսությունների դեմ պայքարել։ Սա հանդիպում է հավաքական Արևմուտքի հետ, ու այնտեղ լայն շրջանակով հարցեր են քննարկվելու. դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է, և որևէ մեկը չի կարող միջամտել»,- հավելեց քաղաքագետը։
Լիլիթ Թադևոսյան