Արևմուտքը Հայաստանի նկատմամբ մեծացնելու է Իրանի հետ հարաբերությունների մակարդակը աստիճանաբար սահմանափակելու ակնկալիքները
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել էր տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, և հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հայաստանում նա հանդիպել էր արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով։

Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները այսպիսով փորձում է ցույց տալ, որ չնայած տարբեր տարածաշրջաններում իր զբաղվածությանը՝ շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել նաև Իրանի դեմ իր քաղաքականությունը՝ վերջինիս տնտեսական հնարավորությունները սահմանափակելու իմաստով։ 

Պետրոսյանը բնական համարեց Հայաստանի և, ինչու ոչ, Ադրբեջանի զգայունությունը Իրանի հետ հարաբերությունների մասով, որովհետև երկու երկրների համար էլ Իրանը չափազանց մեծ նշանակություն ունի։ Օրինակ՝ Հայաստանի համար այն հարավային դարպաս է, իսկ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապող ցամաքային ճանապարհն է, հարևան երկրներ են՝ տարբեր կապերով, տնտեսական համագործակցությամբ։ Նաև նկատեց, որ Միացյալ Նահանգները մշտապես լոյալ է վերաբերվել Հայաստան-Իրան հարաբերություններին։  
«Ադրբեջանի պարագայում մի փոքր այլ տեսանկյունից են գնահատվել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Այն դիտվել է պոտենցիալ պլացդարմ Իրանի դեմ։ Մենք հիշում ենք, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ ռազմական աջակցություն է տրամադրել Ադրբեջանին»,- ասաց Արմեն Պետրոսյանն ու նշեց՝ այդ աջակցության հիմնական թիրախը եղել է Իրանը։ 

Արևմուտքն, ըստ արևելագետի, փորձելու է մեծացնել Հայաստանի նկատմամբ  ճնշումները՝ հակաիրանական ուղեգծի մեջ։ 

«Բնականաբար ՀՀ քաղաքական ուղեգիծն էլ պետք է լինի այն, որ առավելագույնս չեզոքացնի այն վտանգներն ու վնասները, որոնք կարող են առաջանալ Հայաստան-Արևմուտք համագործակցության դեպքում Հայաստն-Իրան համագործակցությունում»,- ասաց Պետրոսյանը։ 

Ռուսաստան-Իրան համագործակցության սերտացմամբ պայմանավորված՝ Արևմուտքն ավելի է կոշտացնում նաև Իրանի նկատմամբ դիրքորոշումը, կարծում է Պետրոսյանն ու նշում, որ մեր տարածաշրջանում Արևմուտքը փորձելու է Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ ավելի առարկայական դարձնել և ներկայացնել իր պահանջները։ Պատճառը գլոբալ ճգնաժամի խորացումն է, և բոլոր հնարավոր հարթություններն ու տարածաշրջանները այդ հակառակորդները փորձելու են օգտագործել միմյանց դեմ։

«Իրանական ուղղությամբ նախկինում եղած լոյալության  համատեքստում Միացյալ Նահանգները պնդելու է, որ Հայաստանը պետք է առավելագույնս խուսափի խնդրահարույց ուղղություններով Իրանի հետ համագործակցությունից»,- ասաց Պետրոսյանը։
Այլընտրանք Իրանին Արևմուտքը Հայաստանին առաջարկել, ըստ Պետրոսյանի, չի կարող։ Միակ այլընտրանքը կարող է լինել Թուրքիայի հետ սահմանների բացումը, որին Արևմուտքը չի կարողացել հասնել։

Ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը՝ Փաշինյանի, Բլինքենի և Ֆոն դեր Լայենի միջև, Արևմուտքի միասնական դիրքորոշումն է Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրները լուծելու, այլընտրանքներ ապահովելու համար։ 

«Դրան զուգահեռ Արևմուտքը, միանշանակ, Հայաստանի նկատմամբ մեծացնելու է  նաև իրանական ուղղությամբ հարաբերությունների մակարդակը աստիճանական սահմանափակելու ակնկալիքները»,- նշեց Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հիմնական ուղղություններին առայժմ չեն անդրադառնա, սակայն որտեղ հնարավոր է՝ կփորձեն սահմանափակել Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը։

Վովա Հակոբյան