Եթե Սերժն ու Քոչարյանը մի քիչ խելք ունենային, կզեկուցեին ԱԱԾ-ին ու կհանձնվեին ՀՀ-ին. Սուքիասյան
«Մենք միշտ պնդել ենք, ու ես չեմ հրաժարվում այդ տեսակետից, որ 2025 թվականին Ռուսաստանը և Ադրբեջանը իրար հետ կոնֆլիկտ են ունենալու, որովհետև ինչո՞ւ պետք է դուրս գա ՌԴ-ն ԼՂ-ից կամ Ադրբեջանից։  Թեզ կա, որ Թուրքիան է պահանջել, որ ՌԴ զորքերը դուրս գան ԼՂ-ից, ու Մոսկվան հակված է կատարել Թուրքիայի պահանջը, որովհետև Ռուսաստանի հետ մերձեցման բացիլները դեռևս պահում է  Թուրքիան, ու եթե Մոսկվան շատ հակադրվի, ապա Թուրքիան կփակի նեղուցները»: Այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։

Սուքիասյանը նշեց, որ Հայաստանը Թուրքիայի թիրախում գտնվող պետություն է, որովհետև այստեղ կա ռուսական ռազմաբազա, ու ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որ ռուսական զորքերը դուրս գան Հայաստանից. «Ռուսաստանը Թուրքիայի վրա միշտ արշավել է այստեղից, ու դրա համար մենք միշտ Թուրքիայի թիրախի տակ ենք։ Ցարական Ռուսաստանը Թուրքիայի վրա 12 անգամ արշավել է այստեղով, ու սա մենք պետք է նկատի ունենանք։ Ինչքան ռուսական զորքերը ՀՀ-ում լինեն, այնքան Թուրքիայի վտանգը ավելի մեծ է լինելու»։ 

Սուքիասյանի խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության պայմանագրի, ապա ռուսական զորքերը Հայաստանում այլևս մնալու պատճառ չեն ունենա, ու կլինի անիմաստ։ 

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ Սուքիասյանը նշեց, որ այդ ուժերը ընդդիմություն չեն, այլ 5-րդ շարասյուն, ու ԱԱԾ-ն այդ ենթատեքստում շատ բան ունի անելու. «Նրանց նպատակը իշխանության տապալումով պետության տապալումն է։ Իրենք ունեն ֆունկցիա՝  կատարել ՌԴ-ի առաջադրանքը և հեղաշրջում անել Հայաստանում։ Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նորմալ մարդ լինեին ու մի քիչ խելք ունենային, կգային կզեկուցեին ԱԱԾ-ին ու կհանձնվեին մեր պետությանը, ու դա կլիներ իրենց ծառայությունը ՀՀ-ին ու իրենց կյանքի անվտանգության հարցը, որովհետև այն ոճիրը, որ իրենք կանխատեսել են Հայաստանի համար, դա Հայաստանի հանձնումն է  ՌԴ-ին։ Իրենց գանգին կա Մոսկվայի առաջադրանքը, որ Հայաստանում պետք է տիրի անկայունություն, մինչև կարողանան Ադրբեջանին հրահրել պատերազմի»։
 
Մանրամասները՝  տեսանյութում։
Դավիթ Լևոնյան