Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության իրականացումը մի աստիճանով բարձրացնելու է Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա:
Լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ հարցերին ի պատասխան:
«Ակնհայտորեն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա: Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումն իրագործելու հնարավորություն չունենա՝ այդ թվում խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով հանգիստ է, որովհետև խոսել է և՛ Ոսկեպար, և՛ Կիրանց բնակավայրերի բնակիչների հետ: