Սեփական դեմքն ու համբավը հայտնի սուբյեկտ(ներ)ի քաղաքական ամբիցիաների սպասարկման (ռևանշի իրագործման) համար ծառայեցնող, «ստի ու կեղծիքի» դեմ պայքարի օրակարգով, բայց, փաստորեն, քաղաքական պայքարը ստի և կեղծիքի հիման վրա կառուցած Բագրատ արք. Գալստանյանին ոչ մի կերպ հանգիստ չի տալիս օրերս արձանագրված մի «իցիդենտ»։ Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդը, հիշեցնենք, ինչպես Աշոտյանը կասեր՝ փորձեց «զախոդվել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Շիրակ Թորոսյանին, Ռուստամ Բաքոյանին՝ նրանց դիտարկելով որպես վարչապետին անվստահություն հայտնելու պոտենցիալ աջակիցներ։
Հիշեցնենք՝ հանրահավաքի ժամանակ ելույթի իր խոսքում Գալստանյանը, դիմելով ներկաներին, կիրառել էր բլեֆի հնարքն ու հայտարարել. «ՔՊ-ից պատգամավորներ կա՞ն, լավ կլիներ, որ լինեին։ Իրենց էլ հնարավորություն տանք՝ Շիրակ Թորոսյան, Ռուստամ Բաքոյան, կան բավականին, ինձ իրավունք տալի՞ս եք իրենց հետ խոսելու»: Ի պատասխան այս «սրբազանաոճ զախոդման», Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքի իր էջում զետեղել էր Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու կից գրել. «Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է և վերջ։ Բոլորին մաղթում եմ ուշիմություն ու խոհեմություն»։ Նույն կերպ, զետեղելով ՀՀ վարչապետի մեկ լուսանկար, Շիրակ Թորոսյանն էր գրել. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ»։
Ահա այս՝ «ֆոտոարձագանքից» է, որ, թող թույլ տրվի ասվել՝ դիվոտել է Բագրատ սրբազանը։ «Ժուռնալիստների միությանը» հյուրընկալված նորընծա քաղգործիչը երեկ մասնավորապես հայտարարել է. «Ես բաց ասել եմ, անցյալ օրն էլ հրապարակում եմ ասել. եթե «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանինն է, «Պատիվ ունեմ»-ը Սերժ Սարգսյանինն է, իրենց հղում տալով եմ ասում, է, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ Նիկոլ Փաշինյանինն է, էն մարդիկ գոնե ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ մի առաջնորդի նկար չեն դնում իրենց էջերի վրա, երբ որ իրենց մասին խոսում ես։ Էս մարդիկ իրենց դեմքը կորցրել են, իրենց դեմքով չեն հանդես գալիս։ Սա ստորության, ստորացման՝ ներողություն, ամենագեր-գերադրական աստիճանն է։ Դա այնպես է, ինչպես համացանցում գտնվող «կեղծ պրոֆիլներ» կոչվող մարդիկ, որոնք այլևս մարդիկ չեն... կամ ստիպված, կամ՝ կամավոր հրաժարումով։ Այ դա է ստի և ճշմարտության պայքարը, հիմա էլ առիթն օգտագործելով ասում եմ՝ որևէ ժամանակ պատրաստ ենք խոսել «Քաղպայմանագրի» հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու (ենթադրաբար իմպիչմենթ-խմբ.), մենք կասենք՝ երբ, բայց հիմա, եթե իրենք ցանկություն ունեն, շատ սիրով...»։ Քանի որ սրբազանի շուրթերով պարբերաբար հոլովվում է «սուտ և կեղծիք» բառերը, ապա, հավատարիմ նրա տերմինաբանությանը, արձանագրենք՝ Գալստանյանը սուտ է խոսում, երբ ասում է, թե իշխանական պատգամավորներն իրենց դեմքով հանդես չեն գալիս, այլ՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով։ Սրբազանի մատնանշած մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում զետեղել են Փաշինյանի լուսանկարը, այլ ոչ թե սեփական լուսանկարի փոխարեն տեղադրել մեկ այլ անձի լուսանկարը։
Մեդիագրագիտությունից կաղացող սրբազանին, հուսանք, հասկացող մարդիկ կօգնեն հասկանալ սոցցանցային այս երկու գործողությունների տարբերությունը։ Ինչ վերաբերում է սեփական դեմքն ուրանալու և ուրիշի դեմքով հանդես գալու՝ «ստորացման» մասին դիտարկմանը, ապա տեղին է հիշել հայտնի ասացվածքը. «У кого что болит, тот о том и говорит»: Ասել է թե՝ սրբազանը գիտակցում է, որ, թաթախվելով քաղաքական անմաքուր այս գործընթացի մեջ, բռնել է ինքնանսեմացման, ինքնաստորացման ուղին՝ ոտքը դուրս դնելով «տաճարից»։ Եվ «ուրիշի դեմքի» մասին այս խոսակցությունը մատնում է սրբազանի հոգին կրծող մտատանջությունն առ այն, որ ինքն է իր դեմքը ծառայեցնում ուրիշի՝ ընդդիմության շահերին։ Եվ այս անհեռանկար գործընթացում ներքաշվելը հանգեցնելու է մեկ մարդու՝ իր իսկ անդիմությանը։ Հետևապես Գալստանյանի համար հրամայական է ոչ թե քաղաքական այս կամ այն գործչի ֆեյսբուքյան պրոֆիլի կամ դեմքի քննությունը, այլ... սեփական դեմքի փրկությունը։ Քաղաքական գործիչներին կներվի ձախողումը, քանի որ քաղաքականությունը ընկնել-ելնելու մասին է։ Իսկ ինչի՞ մասին է հոգևոր դասի ներկայացուցիչների ընկնել-ձախողվելը ու արդյոք ենթակա՞ է ներման։ Բարձրյալը թող որոշի։
Հ. Մ.