Անդրանիկ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նախկին կուսակցականացված համալսարաններում մեծ ճնշում կար ակտիվ ուսանողների վրա քաղաքական գործընթացների չմասնակցել, հեռու մնալ հակաիշխանական ցույցերից:
Կուսակցականացված էին ոչ միայն համալսարանների ղեկավարությունը, այլ նաև և մեծապես Ուսանողական խորհուրդները: Այսօր ուսանողներին որևէ մեկը չի փակում համալսարաններում ու արգելում մասնակցել ցույցերի: ԵՊՀ Ուսանողական խորհուրդն ակտիվորեն աջակցում է հակաիշխանական ցույցերին: Ավելին՝ նախկին ՈւԽ-ականներն ու ՈՒԽ նախագահներն են շարժման մասը կազմում: Սա իրենց իրավունքն է և որևէ կերպ չպետք է սահմանափակվի:
Մի հարց է, թե ինչու են ցուցարարները որոշում այնուամենայնիվ մտնել համալսարանի տարածք ու հոգեբանական ճնշում գործադրել ուսանողների վրա, ովքեր չեն մասնակցում ցույցերին:
Այս ամենից անկախ, այսօր տեսնում ու կարդում եմ մարդկանց, ովքեր երբևէ չեն մասնակցել որևէ քաղաքական, սոցիալական շարժումների, ակտիվորեն լծված այս օրերի շարժմամբ: Նրանց այսօր սկսել է անհանգստացնել մարդկանց ու կառույցների անտարբերությունը: Տարօրինակ է, որովհետև ժամանակին նրանք մասն էին այն կոնֆորմիստական համակարգի, որը խրախուսում ու գնահատում էր պասիվությունը:
Հուսով եմ՝ սա քաղաքականացվելու, պետության մասին անկեղծորեն մտահոգվելու, և ոչ թե հերթական պատեհապաշտության դրսևորումն է