2018-ի թավշյա հեղափոխության օրերին կիրառված «խաղաղ անհնազանդության» մեթոդները կապկող «գալստանյան շարժման» գործերը ոչ միայն լավ չեն, այլև գնալով է՛լ ավելի վատացման միտումներ են դրսևորում։ Մարդկային ռեսուրսի սակավությունը՝ թե շարժման տարատեսակ ակցիաներին մասնակցողների, թե կազմակերպական հարցերը հոգալու առումով, խիստ զգացնել է տալիս։
Եվ այդ է պատճառը, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը «Սրբազան պայքար»-ի կամավորների հավաքագրման գործընթաց է սկսել։ «Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր շարժումն ունի ձեզնից յուրաքանչյուրի կարիքը՝ ավելի համակարգված և միասնական գործելու համար։ Կհանդիպենք Հոգևոր Հայաստանում»,-գրված է կամավորահավաքի հայտարարության մեջ, որին անդամագրվելու համար քաղաքացիները պետք է էլեկտրոնային հարցաթերթիկում լրացնեն իրենց անձնական տվյալները, հեռախոսահամարը, «Տելեգրամ»-ում կիրառվող հեռախոսահամարը, բնակության վայրը և այլ տվյալներ։ Կամավորներին առաջարկվում է մասնակցել մի շարք գործողությունների և հատուկ նշվում՝ «խրախուսվում է ընտրել մեկից ավելի տարբերակ»։
Գործողություններն են՝ «գործադուլ, դասադուլ, փողոցային պայքարի մասնակցություն, կազմակերպչական աշխատանքներ, տարատեսակ կամավորություն, մասնագիտական խմբերի/աշխատանքների մասնակցություն»։ Հավաքագրման էլեկտրոնային թերթիկում կա նաեւ այսպիսի հարց՝ «ի՞նչ այլ տարբերակներով կարող եք աջակցել շարժմանը՝ տրանսպորային միջոց, գրենական պիտույքներ, փողոցային պայքարի պարագաներ/հանդերձանք, սնունդ, սննդի կտրոններ մասնակիցների համար»։ Կամավորները պետք է էլեկտրոնային հարցաթերթիկը լրացնելուց հետո այն ուղարկեն «սրբազան պայքարի» համակարգման գրասենյակ, աջակցեն այս քաղաքական ակնհայտ շահառուներով ավանտյուրային, որպեսզի հանդիպեն․․․․ «Հոգեւոր Հայաստանում»։ Թե ինչ տեսք ունի հիշյալ Հայաստանը, որտեղ է գտնվում այն եւ ում տիրապետության տակ՝ տավուշյան փրկչախումբը չի շտապում տեղյա պահել «սրբազան պայքարի» պոտենցիալ կամավորներին։
Այս նախաձեռնությունը առիթ է որոշ հետեւություններ անելու համար․ Բագրատ սրբազանին, փաստորեն, համոզել են թաթախվել այս գործընթացում, խոստացել, որ իշխանափոխությունը գրպանում դրված է, քարը տրաքի՝ մեկ շաբաթվա ընթացքում լուծվելիք հարց, սակայն հաշվարկը, ինչպես միշտ, սխալ է դուրս եկել։ Շահառուներն էլ, կարծես, չեն շտապում լայն բացել իրենց գրպաններն ու ծախերի տակ մտնել՝ հոգալով շարժման մասնակիցների «սրբազան» կարիքները։
Ի դեպ, 2018-ի հեղափոխության օրերին դրա մասնակիցներն ու աջակիցները ինքնակազմակերպված էին պայքարը մղում, որպես կանոն՝ սպոնտան որոշումների արդյունքում՝ փակել այս կամ այն փողոցը, անել այս կամ այն գործողությունը, քանի որ նրանց պայքարն ինքնաբուխ էր, անկեղծ, ամենակարեւորը՝ ողջ հանրապետության մակարդակով, այլ ոչ թե խարդախ ու «հետին մտքերով»։
Դեպքերից առաջ չընկնելով, թերևս, պետք է միջանկյալ արձանագրել՝ «թավիշը» ինչպես 2018-ին հաղթեց, 2020-ի ՀՓՇ-ի օրերին, 2022-ի Դիմադրության շարժման օրերին, այնպես էլ այժմ է հաղթում, այս անգամ՝ «Տա-վուշին»։
Ինչպես հայտնի է՝ ամեն անգամ գետը գերան, գարունն էլ թավշյա հեղափոխություն չի բերում։
Հ․Մ․