«Սրբազան ֆիասկո» կամ՝ «գալստանյան» շարժմանն աջակցող ուժերը ի վիճակի չեն իրենց օգտին քվեարկածներից գոնե 50 հազարին փողոց հանել
«Գալստանյան»  շարժումը մայիսի 9-ից Երևանում է, արդեն շուրջ 10 օր է՝ փողոցային ակցիաներ է իրականացնում, սակայն աջակից-մասնակիցների թիվն  այդպես էլ չի ավելանում, այն աստիճան,  որ հնարավոր լինի իրագործել միջոցառման գերնպատակը՝  հրաժարական պարտադրել  գործող վարչապետին։ Աներկբա է, որ սույն շարժման նախաձեռնող և աջակից գլխավոր ուժերը երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական թիմերն են՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, իրենց «բեք վոկալ»-ներով։  Եվ թեև սույն օպերացիայի սքեմավոր դերակատարը հայտարարում է, որ շարժումն «անգույն է», քաղաքական դաշտի ներկապնակի մյուս՝ քիչ թե շատ վառ գունավորմամբ՝ փորձառություն, էլեկտորատ ունեցող ուժերից որևէ մեկը մինչ այս պահը պաշտոնապես՝ կուսակցության կառավարող մարմնի  մակարդակով, չի հայտնել իր աջակցությունը։  Այս շարժումը, նկատենք,  ֆենոմենալ է ոչ միայն այն  առումով, որ դրա առաջնորդը եկեղեցու բարձրաստիճան սպասավոր է, ոչ միայն այն հանգամանքով, որ  այն մեկնարկել է ի սկզբանե ձախողված, անիրականանալի օրակարգով և գործիքակազմով, այլև  դրան աջակցություն հայտնածների  վարքագծով, որոնք սատարում են, բայց միաժամանակ դիստանցավորվում շարժման լիդերից, խուսափում  նրա կողքին կանգնելուց,  քանի որ մտավախություն ունեն, որ իրենց ներկայությունը կվնասի «բռնած գործի» հաջողությանը։  Հասկանալի է շարժման  PR թիմի հաշվարկը՝ Բագրատ Գալստանյանի «կողքն ու կուշտը» «մաքուր» պահել ձախողված, հեղինակազրկված, հասարակության ընկալումներում միանշանակ նախկին ռեժիմի հետ ասոցացվող ֆիգուրներից՝ առաջնորդության բեռը թողնելով «Աստծու մարդու», իմա՝ «սուրբ», «ոտքերն  ամպոտ» սուբյեկտի վրա։ Այս ֆենոմենն ունի իր բացատրությունը. ՀՀ քաղաքական դաշտը, որը նախկին վարչակարգի օրոք հասցրել էր մի լավ դեգրադացվել ու փչանալ քաղաքական «դաղալ» խաղերի ու գործարքների հետևանքով,  2018-ի թավշյա հեղափոխությունից  հետո բյուրեղացել է,  և այլևս հստակ կարելի է զատորոշել նախկին ռեժիմին  սպասարկող և կամ դրա հետ աֆիլացված ուժերին,  որոնց անուն-ազգանուններն ու ընդհուպ «կոշիկի համարը»  հայտնի են բոլորին, ուժեր, որոնց գերխնդիրը եղել է և կա ռևանշը։  Եվ որքան էլ նրանք փորձեն ականջ խլացնել իրենց ռազմահայրենասիրական տաղերով ու մորմոքներով,  հասարակությունը որսում է նրանց երգածի «ֆալշ»-ն ու  «սոցիալական  հեռավորություն» պահում նրանցից։ 

Քաղաքական դաշտի «դելիմիտացիա-դեմարկացիան», նկատենք,  վերջնականացվեց մասնավորապես 2020-ի հետպատերազմական շրջանում, ՀՓՇ-ի ի հայտ գալով, որում  ընդգրկված էր 17 կուսակցություն։ Դրանք էին՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, խորհրդարանական ուժերից՝ ԲՀԿ-ն, ինչպես նաև մարդ-կուսակցություններ՝ Հրանտ Բագրատյանի «Ազատություն»-ը, Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն»-ը, անհայտ քաղաքական դեմքերի ձևավորած «Ազգային օրակարգ»-ը, Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միություն»-ը, ինչպես նաև «Ազգային համաձայնություն»-ը,  մի քանի կուսակցություն փոխած Տրգրան Ուրիխանյանի «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը,  քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցությունից հեռացված Սուրեն Սուրենյանցի՝ «մի ժիգուլու պասաժիրի չափ» անդամ ունեցող «Դեմոկրատական այլընտրանք»-ը, Զարուհի Փոտանջյանի «Երկիր Ծիրանի»-ն, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ը, Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը,  «Համերաշխություն»-ն  ու «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»-ը։ Չմոռանանք նաև «կադրային չեկիստ», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ին և  Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան»-ին։  Սրանք այն քաղաքական ուժերն են,  որոնց մի մասն ամիսներ անց իր փեշից թափեց իշխանափոխության «քարը» և, ինչպես կասեր նախկին ոստիկանապետը՝  «գառի պես խելոք» մասնակցեց ԱԺ արտահերթ ընտրություններին։

Ընտրությունների արդյունքներն էլ, նկատենք, նրանցից շատերի համար պարզապես շոկային էին, եթե չասենք՝ խայտառակությանը համահավասար։   Նշենք, որ հիշյալ կուսակցություններն այսօր այլևս նույն կոլեկտիվում չեն, և դրանց մեծ մասը խուսափում է  հրապարակավ աջակցել հայրենափրկչական թվով երրորդ շարժմանը։ Այս պահի դրությամբ, արձանագրենք,  Բագրատ Գալստանյանը միայն մի քանի քաղաքական ուժի հետ է հանդիպում ունեցել, որոնք են ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը մոտ երկու ամիս առաջ լքած  Է. Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, առաջին նախագահի առաջնորդած ՀԱԿ-ը, Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք»-ը, Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հովանավորյալ «Ապրելու երկիր»-ը, «Ազգային օրակարգ»-ի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի համակարգմամբ գործող  «Հայաքվե»-ն...

Շարժման  համալիդեր ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը, նկատենք, «Ազատությանը» հայտնել է, որ «Բագրատ սրբազանն ու շարժման մյուս առաջնորդները ծրագրում են հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերի հետ»,  որոնց գլխավորած ուժերի ներկայացուցիրները, ինչպես Դանիելյանն է նշել, «իրենց սոլիդարությունն են հայտնել»։  Այսօր հայտնի դարձավ, որ Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ-ականներից Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ, դե իսկ ՀԱԿ-ի հետ 2015-ին բուրժուադեմոկրատական հեղափոխության փորձ արած ու տապալած, 2018-ի հեղափոխությանն էլ  Սերժ Սարգսյանի հրաժարականից «5 րոպե առաջ» միացած Գագիկ Ծառուկյանը  մայիսի 9-ին շարժումը որակել էր «սրբազան» և իրեն հատուկ ոճով վրա բերել. «Ոչ մեկը բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, դա եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»։ Նրա հետ հանդիպման մասին այս պահին որևէ բան  հայտնի չէ։ Նշենք նաև, որ Արթուր Վանեցյանը նույնպես ֆեյսբուքյան գրառմամբ ակնարկել էր իր սատարման մասին, թե՝  «ոգին հաղթելու է դուխին»։  

Արդ, տեսնենք, թե այս պահին «գալստանյան» շարժմանը առերևույթ աջակցող քաղաքական ուժերը քանի՞ տոկոս հանրային աջակցություն ունեն, որքան ձայն են ստացել  2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ։

ՀՀԿ-ն՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում, ստացել է 5,22 տոկոս, ՀՅԴ-ն՝ «Հայաստան»  դաշինքի կազմում, 21,09 տոկոս։  (Այս տոկոսի մեջ է ներառված  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրային աջակցության տոկոսը, ինչպես նաև  «Վերածնվող Հայաստան» կուսակցության, որը լքեց Քոչարյանի պրոյեկտը 2022-ի աշնանը «Դիմադրության» շարժման ձախողումից հետո)։ Ինչ է ստացվում՝  այս երկու ուժերը միասին վերցրած մոտ 27 տոկոս քվե են ստացել՝ 269 481+66 650 ձայն, սակայն չեն կարողանում իրենց օգտին քվեարկածներից գոնե 50 հազար մարդու փողոց հանել՝ հաջակցություն «սրբազան» շարժման։  Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նախկին նախագահի և նրա ղեկավարած դաշինքի վարկանիշը մաշվելով մաշվել է՝ հասնելով քոքից էլ անդին։  Հետևությունները թողնում ենք ընթերցողին։ 

 Շարժմանն այս պահին աջակցող ուժերից  ԱԺԲ-ն էլ 2021-ին  ստացել էր  1.49 տոկոս, «Ազատություն»-ը՝ 0.14։ Իսկ  «պոտենցիալ» սատարող քաղաքական ուժերից մասնավորապես  ՀԱԿ-ը, հիշեցնենք, ստացել էր 1,54 տոկոս, ԼՀԿ-ն՝ 1,22  ԲՀԿ-ն՝ 3.95։  Հանրագումարում և 2021-ին ստացած քվեների հաշվարկով  30+ տոկոս հանրային  աջակցություն ունեցող այս շարժումը, փաստորեն, դոփում է տեղում և «գալստանյանից»  շուտով վերածվելու է «գնացականյանի»։ 
 
Հ. Մ.