Առանձին երթուղիներում հնարավոր է սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, շարժակազմերի բացակայություն. քաղաքապետարան
Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
 
Ավելի վաղ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
 
Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է՝ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:
 
Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար և վստահեցնում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար»,- գրել էր Կոստանյանը։