Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով․ այս տարի հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի
Մայիսի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդարկը 5 սանտիմետրով բարձր է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին մեզ հետ զրույցում  ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Մինչև մայիսի 14-ը անցյալ տարիների համեմատ կար բացասական տենդենց, մայիսի 14-ից արդեն սկսվեց դրական տենդենց։ 

«Անցյալ տարվա մայիսի 14-ից Սևանա լճից արդեն սկսել էր ջրառ իրականացվել, իսկ այս տարի նույնիսկ կառավարության որոշման նախագիծը չի ընդունվել 170 միլիոն խորանարդ մետր բացթողնման հետ կապված։ Արփա-Սևան ջրատարով տեղափոխվող ջրի քանակը 99,69 միլիոն է այսօրվա դրությամբ, որը  կրկնակի ավելի է, քան նախորդ տարի։ Լճի ընդհանուր մակարդակի բացասական տարբերությունը սկսվել էր 2021 թվականի հունիսի 22-ից. դա պայմանավորվեց այն հանգամանքով, որ 2021 թվականի հունիսին պատմական առավելագույն արժեքներ գրանցեցինք՝ պայմանավորված ջերմաստիճանի բարձր ֆոնով և մթնոլորտային տեղումների սակավությամբ։ Դրանով պայմանավորված՝ եթե միջինում լճի մակարդակը հունիս ամսին բարձրանում էր 7 սանտիմետրով, 2021 թվականին ունեցանք 10 սմ իջեցում»,- ասաց Լևոն Ազիզյանը։ 

Նա նշեց, որ Սևանա լճի մակարդակի այս տարվա բարձրացումը պայմանավորվեց ձմռան ամիսների տեղումներով և գարնան ընթացքում, բացառությամբ ապրիլ ամսվա, նորմայից ավելի տեղումներով։ Լևոն Ազիզյանը նաև ասաց, որ այս տարվա ապրիլին մենք ունեցել ենք պատմական առավելագույն ջերմաստիճան՝ 9,4 աստիճան, ինչը նորմայից 4,5 աստիճանով բարձր է։ Իսկ ի հակադրություն ապրիլի՝ մայիսը բավականին խոնավ և ցածր ջերմային ֆոնով է աչքի ընկնում։   

«Այսօրվա դրությամբ Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համակարգի տակ գտնվող ջրամբարներում 50 միլիոնից ավելի ջուր է ամբարված, և կարելի է ասել՝ 90 տոկոս և ավելի բարձր հավանականությամբ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի։ Սևանա լճի ջրառը ընդհանրապես սկսվում է հունիսի առաջին տասնօրյակից։ Դեռ ջրառի հարց չի առաջացել։ Ասեմ ավելին. մայիսի 24-26-ը հանրապետությունում հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում դրանք կլինեն ինտենսիվ, և ոռոգման անհրաժեշտություն հաստատ չի լինի»,- ասաց Լևոն Ազիզյանը։  

 Խոսելով նաև ջրամբարների լցվածության մասին` Լևոն Ազիզյանն ասաց, որ իրենց ՊՈԱԿ-ը դիտարկում է իրականացնում հինգ խոշոր ջրամբարներում, և այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատ 269 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր է ամբարված։ Պատկերը հատկապես լավ է Մարմարիկի ջրամբարում, որտեղ գրեթե 100 տոկոս լցվածություն կա, իսկ անցյալ տարի լցվածությունը 50 տոկոս էր։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան