Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կամ, ինչպես այն վերանվանվեց, «Սրբազան շարժում»-ը, հրավիրել է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Մայիսի 9-ից հետո սա կլինի շարժման 4-րդ հանրահավաքը։ Շարժման մասնակիցները երեք հանրահավաքներից հետո՝ հասկանալով, որ մասնակիցների թիվը ամեն հանրահավաքից հետո երկրաչափական պրոգրեսիայով նվազում է, հրաժարվեցին հանրահավաքային ձևաչափից ու անցան անհնազանդության գործողությունների։ Բագրատ Գալստանյանը կոչ արեց փողոցներ փակել, դասադուլներ ու գործադուլներ անել, սակայն նրա կոչին, ըստ էության, արձագանքողներ չեղան, ինչից հետո ստիպված անցան դահլիճային հանդիպումների՝ օրական հանդիպելով ինչ-որ մասնագիտական խմբերի հետ։ Եվ ահա մայիսի 26-ին նշանակել են հերթական հանրահավաքը, որի ընթացքում կհայտարարեն նաև շարժման վարչապետի թեկնածուի անունը։ Ըստ ամենայնի, դա կլինի Բագրատ, իսկ այս դեպքում՝ իր քաղաքացիական անունով՝ Վազգեն Գալստանյանը։ Շարժման լիդերներին չի անհանգստացնում սահմանադրական արգելքը, ըստ որի՝ երկքաղաքացի հանդիսացող անձը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։
Ինչևէ։ Բագրատ Գալստանյանը իր շարժումը սկսելուց հետո հայտարարեց, թե ունի Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը։ Չնայած դրանից հետո Կաթողիկոսը որևէ ուղերձով հանդես չի եկել, սակայն Մայր Աթոռից Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չեն հերքել։ Ավելին՝ երեկ Մայր Աթոռում կայացել է եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի արդյունքում հայտարարություն են տարածել՝ նշելով. «ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։
Ակնհայտ է, որ Մայր Աթոռը, ասել է թե՝ Կաթողիկոսը ևս կրկնում է Գալստանյանի ու նրա շարժման բառապաշարը ու ակնհայտորեն հովանավորում այն։ Նաև, երբ փորձեցինք Մայր Աթոռից Կաթողիկոսի հստակ դիրքորոշում ճշտել, մեր գրավոր հարցումն անպատասխան մնաց, իսկ զանգերին այդպես էլ չպատասխանեցին։
Այսօր էլ Դաշնակցությունը իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու շարժմանը։ Այս մասին հայտարարել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը։
Ներսիսյանը կոչ է անում ռուսաստանաբնակ հայերին մեկնել Հայաստան ու միանալ շարժմանը:
Արշակ Գրիգորյան անունով ներկայացած մեկ այլ տղամարդ էլ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց «իսկական հայ և հավատացյալ» են համարում, միանալ Բագրատ Գալստանյանի պայքարին:
Չնայած շարժումը հայտարարել է, թե իրենց պայքարը համախմբման, հաշտության մասին է, այնուամենայնիվ այն օրեցօր ավելի ագրեսիվ հռետորաբանություն է որդեգրում՝ այդ թվում շարժման ֆորմալ առաջնորդի՝ Բագրատ Գալստանյանի կողմից։ Մեկ անգամ չէ, որ նա հանդես է եկել տարբեր խմբերին թիրախավորող հայտարարություններով ու արտահայտություններով՝ էլ չասած շարժման այլ մասնակիցների մասին։
Իսկ մայիսի 26-ի հանրահավաքից հետո շարժումը երեք ճանապարհ ունի՝ հեռանալ ու հանդիպել հաջորդ օրը՝ կրկին հանրահավաքի, հեռանալ ու մյուս օրվանից սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ կամ՝ հենց հանրահավաքից հետո անցնել ավելի ռադիկալ գործողությունների՝ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն, բռնի գործողություններ և այլն։ Առաջին տարբերակը շարժումը մեկ անգամ փորձել է ու ֆիասկո գրանցել։ Դրանից հետո ռադիկալ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ շարժմանն աջակցողների քանակն է ավելացել, ոչ էլ քաղաքական իրավիճակն է փոխվել։ Ավելացել են միայն Ռուսաստանի Դաշնությունից «աջակցող բրիգադները», որոնք քանակապես այնքան չեն, որպեսզի էական բան փոխեն փողոցում՝ խաղաղ գործողությունների ընթացքում։ Եվ եթե շարժումը որոշի ավելի ռադիկալ ճանապարհ ընտրել՝ օգտագործելով նաև ՌԴ-ից ժամանած «ուժերը», որոնք անկարգությունների դեպքում կարող են ավելի էֆեկտիվ լինել ու «եղանակ փոխել», ապա հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրեն ոչ թե Դաշնակցությունը, Քոչարյանը, Սարգսյանը կամ մյուսները, այլ Եկեղեցին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ։
Վովա Հակոբյան