Երեկ դեռևս «սրբազան» պատվանունով մեծարվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ազդարարեց իր մուտքը ոչ միայն քաղաքականություն, այլև, դրանով պայմանավորված, իր հոգևոր ծառայության «սառեցման» մասին։ Այսպիսի սկանդալային գործընթացի, ենթադրում ենք, Հայ եկեղեցին հետանկախական շրջանում առաջին անգամ է, որ առերեսվում է, քանի որ նախկինում եկեղեցին իր ամբողջության մեջ գործել է իշխանության հետ հաշտ ու ներդաշնակ, եթե չասենք՝ ձեռք ձեռքի տված։ Ինչևէ, երբ իքս հոգևորականը սառեցնում է իր առաքելությունը, դա նշանակում է, որ այսու հանդես է գալիս որպես աշխարհական և այլևս ստիպված չէ ծառայության բերումով առաջնորդվել հոգևորականին պատշաճող վարքականոնով։ Նշանակում է՝ ազատ է գործել՝ ինչպես աշխարհիկ կյանքով ապրող ցանկացած ոք։ (Երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հավատավոր հոտը ականատես եղավ այդ վարքականոնից շեղման թերևս ամենահնչեղ դրսևորմանը՝ Վազգենը, որպես այլևս աշխարհական, իր առաջին «չեմպիոնությունն» էր նշում՝ հրճվելով հայտնի ռոք կատարման հնչյունների ներքո)։
Արդ, տեսնենք, թե ինչ խնդրահարույց հայտարարություն է արել «սրբազան վարչապետը», որին այսօր արձագանքել է նրա վերադասը։ «Նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ Հայրապետի հետ՝ իր նախագահությամբ, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում, անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։ Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»,- երեկ հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդը։ Մայր Աթոռն էլ, «ի պատասխան լրատվամիջոցների հարցումների», սակայն առաջին հերթին ի գիտություն իր սպասավորի, պարզաբանել է՝ ոչ թե սառեցվել, այլ կասեցվել է Գալստանյանի ծառայությունը։ «Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել (նկատենք՝ որոշում կայացնողների ցանկը չի նշվել-խմբ.) վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»։
Ակնհայտ է հակասությունը Գալստանյանի երեկվա ելույթի և Մայր Աթոռի վերոբերյալ պարզաբանման մեջ։ «Խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել» ասվածը ենթադրում է, որ, ըստ խնդրանքի, պետք է սառեցվի Գալստանյանի՝ ծառայության ընթացքում ձեռք բերած հոգևոր համայն աստիճանակարգը՝ ներառյալ եպիսկոպոսական կարգը։ Նշենք, որ Գալստանյանը, ըստ Մայր Աթոռի պաշտոնական կայքի (
https://www.armenianchurch.org/hy/episkopos/36) (Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո), ծառայությունն սկսել է 1994 թ.-ից՝ որպես սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի, 1995 թ.՝ կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, 2002 թ.՝ մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի (Թեզ՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում»)։ 2003 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ 2023թ.-ին էլ ստացել է արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։ Ու, փաստորեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ուղղելով Գալստանյանին, հայտարարում է, որ վերջինիս չի զրկելու հոգևորականի «ուսադիրներից», նա հետայսու էլ շարունակում է լինել եպիսկոպոս, կասեցվել են նրա՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ, վարչական լիազորությունները։ Ասել է թե՝ որդյակ իմ «անառակ», մենք գիտենք, որ «խոտոր ճամփով» ես գնում, եթե հանկարծ չհաջողես քո բռնած քաղաքական՝ անհաջողության դատապարտված գործում և որպես նորընծա քաղգործիչ ձախորդության մատնվես, այսինքն՝ ստացվի այնպես, որ «տաճարը պարտվի փողոցին», «դուխով» կարող ես թողնել փողոցն ու նորից վերադառնալ տաճար, այստեղ քո անունով ներդրված «ավանդը»՝ եպիսկոպոսի կոչման տեսքով, նորից քեզ կպատկանի։
Նշանակում է, այս պահի դրությամբ Գալստանյանը թեև իրեն հռչակել է «սառեցված» եպիսկոպոս, մտել քաղաքականության մեջ և պատրաստվում է վարչապետի թեկնածու առաջադրվել, սակայն շարունակում է լինել և մնալ հոգևորական։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրոնական կազմակերպություններն, ըստ ՀՀ Սահմանադրության, անջատ են պետությունից, հարց է ծագում՝ Բագրատ Գալստանյանը, շարունակելով լինել կրոնական կազմակերպություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, կարո՞ղ է հավակնել պետական պաշտոնի՝ թեկուզ առաջադրվելով այդ պաշտոնում։ Հարկ է ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա՝ Մայր Աթոռը որպես Գալստանյանի ծառայության կասեցման պատճառ չի շեշտադրել վերջինիս վարչապետի թեկնածու առաջադրվելու՝ այս ողջ պատմության մեջ անչափ կարևոր հանգամանքը (ինչի վրա էլ շեշտադրում էր արել Գալստանյանը՝ դիմելով Կաթողիկոսին) և դրա անհամատեղելիությունը հոգևոր ծառայության հետ, այլ պարզապես նշել է իր ներկայացուցչի՝ քաղաքացիական-քաղաքական ինչ-որ միջոցառման առաջնորդը լինելու և դրանով պայմանավորված զբաղվածության հանգամանքը։ Եվ քանի որ Բագրատ սրբազանը մտնելով քաղաքականության մեջ արդեն մոտ մեկ ամիս է, թող ներվի ասել ՝ «բրախել» է Տավուշի թեմի տնօրինությունն ու տեղի իր հավատացյալ հոտին թողել անգլուխ, ապա եկեղեցին պարտավոր է տիրություն անել իր թեմին ու նոր տեղապահ կարգել։
Ի դեպ, այդպես էլ պարզ չդարձավ՝ «սառեցված սրբազանը» հրաժարվե՞լ է Կանադայի քաղաքացիությունից, որից մինչև հիմա չէր հրաժարվում, ինչպես ինքը մի անգամ նշեց, ճամփորդական նպատակներով։
Հ. Մ.