Փոփոխություն ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրման կարգում. Ի՞նչ է առաջարկում նոր նախագիծը․ Ուղիղ
ՀՀ ՏԿԵ նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ նշեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող ստորաբաժանման կողմից իրականացվեց փոփոխություն Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում, և գազաբալոնային համակարգերի տեղադրումը, սեղմված բնական գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել են լիցենզավորման տակ:

«Վաղուց հասունացել էր ավտոմոբիլների վրա տեղադրված գազաբալոնային համակարգերի տեղադրման, պարբերական վկայագրման և ընդհանրապես տվյալ գործունեությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ պայմաններ և միաժամանակ ոլորտի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ժամանակը»,- նշեց նա:

Ստեփանյանի խոսքով՝ այս կազմակերպությունները գործում էին հավատարմագրման մասին ՀՀ օրենքով: Առաջին հերթին՝ նոր փոփոխությունների նպատակն է սահմանել միասնական պայմաններ՝ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, նրանց արտադրական բազաների կահավորման, այդ բազաներում իրականացվող աշխատանքների և աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի համար և ստեղծել միասնական փաստաթուղթ: 

Երկրորդ նպատակը, նրա խոսքով, նորամուծությունն է.  օրենսդրական նոր փոփոխություններով նախատեսվում է ստեղծել ՀՀ-ում ավտոմոբիլների վրա տեղադրված գազաբալոնային համակարգերի, բալոնների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան. «Այս շտեմարանում ներառվելու են տրանսպորտային միջոցների վրա տեղադրված բոլոր գազաբալոնների վերաբերյալ տվյալները,  տրանսպորտային միջոցների համարանիշը, նույնականացման համարը, տեղադրված գազաբալոնի համարը և նրա հերթական վկայագրման ժամկետները»: