Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ․ Տեսանյութ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։
Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։