Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ուժերը կոալիցիոն քննարկումների մեջ են․ ո՞վ կդառնա Գյումրու քաղաքապետ

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և ՀՀԿ-ն։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի:

Գյումրիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Լևոն Անանյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ որոշում՝ կոալիցիա կազմելու, նշեց, որ այս պահին կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում և որոշում չկա, լինելու դեպքում այդ մասին կհայտարարեն։

«Բալասանյան դաշինքի» ավագանու անդամ Սոնա Առաքելյանն ասաց, որ ներթիմային քննարկումներ են ընթանում և երբ կլինի ԿԸՀ վերջնական որոշում՝ նոր այդ ժամանակ հավանաբար կլինեն թիմից դուրս քննարկումներ։

5 տոկոսի շեմը հաղթահարած ՀՀԿ-ական Արտյոմ Ղուկասյանն ասաց, որ իրենք լինելով արմատական ընդդիմություն՝ պատրաստ են քննարկումների, եթե կոալիցիայի առաջարկներ լինեն։ Հարցին՝ բացառու՞մ են, որ իշխող ՔՊ-ի հետ կոալիցայի հարցում քննարկումներ կունենան, Ղուկասյանը պատասխանեց․ «Մենք միշտ ենք բացառել իրենց հետ համագործակցությունը»,- ասաց նա և չբացառեց ամենաշատ ձայները ստացած «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիայի հնարավորությունը։

Իսկ նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունից Կարեն Մալխասյանը հիշեցրեց՝ ինչպես նախընտրական շրջանում են ասել՝ որևէ կոալիցիա չեն կազմելու քաղաքական որևէ ուժի հետ։

«Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն Հակոբյանը, այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել է, որ ոչ մի ուժի հետ համագործակցությունը չի բացառում, բայց և առաջարկներ էլ դեռ չեն ստացել։ 

Հիշեցնենք, որ կիրակի օրը ԿԸՀ-ն կիրականացնի մանդատների բաշխում և պարզ կդառնա, ինչից հետո քաղաքական ուժերը կկարողանան կոալիցիաներ կազմել և ի վերջո պարզ կդառնա, թե ով է դառնալու Գյումրու քաղաքապետը։

Հիշեցնենք նաև, որ քաղաքապետին ընտրում է ավագանին՝ բաց քվեարկությամբ, և ձայների մեծամասնությամբ, իսկ քաղաքապետ կարող են առաջադրել անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերը։
 
Գեղամ Ադյան