Էդ դուք ո՞ւմ եք ծառայում, էդ ձեզ ո՞վ է վճարում. Բա՛վ է մարդկանց էմոցիաների հետ խաղաք. Նազելի Բաղդասարյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Ամեն անգամ պարոն Մինասյանը երբ մոտենում է ամբիոնին և որոշում է դասախոսական տոնով դասեր տալ, խոսելու բուռն ցանկություն է արթնանում»,- այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ իր խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

«Երբ ասում եք, որ կառավարությունը ինչ-որ բաներ լավ չի կոմունիկացնում, փորձեք ընդդիմության մեղքի բաժինը գտնել, որ չեղած հարցերից փորձում է կեղծ թեզեր կերտել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի նյութերը ձեր արբանյակ լրատվամիջոցներով փորձում է առաջ տանել, որ չեղած սահմանային ցանկացած հարց բերում-սարքում են օրակարգ, որով այս կառավարությունը հայրենիք է հանձնում. լո՞ւրջ եք ասում»,- հավելեց նա:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմության լրատվամիջոցներն ամեն անգամ ուզում են մարդկանց հույզերի և նյարդերի վրա ազդել՝ ասելով, թե սահմանային լարվածություն կա. «Երբ ասում եք՝ Գորիսը կորցնում ենք, Զանգեզուրը կորցնում ենք, մի հատ էլ Շիրակից են մտնելու, էդ դուք ո՞ւմ եք ծառայում, էդ ձեզ ո՞վ է վճարում, բավ է մարդկանց էմոցիաների հետ խաղաք»: