Թուրքական քարոզչամեքենան պնդում է, որ թուրքական ԱԹՍ-ներն անհանգստացրել են Պուտինին
Նոյեմբերի 2-ին  պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ԱԹՍ-ների վերաբերյալ արած հայտարարությունը լայնորեն տարածվել են թուրքական մամուլում և շահարկումների առիթ դարձել թուրքական քարոզչամեքենայի համար:
Նշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն, անդրադառնալով ԱԹՍ-ների դեմ պայքարին,  մասնավորապես նշել էր.

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ԱԹՍ–ներն իրենց դրսևորել վերջին տարիների զինված հակամարտություններում, թե որքան արդյունավետ և որքան վտանգավոր կարող են լինել մեզ համար՝ հաշվի առնելով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և անում ենք դա բավականին արդյունավետ»,- ասել է Պուտինը։
Նա նաև հայտնել էր, որ ռուսական բանակի հաշվեկշռում հիմա ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքեր կան։

Թուրքական մի շարք իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցներ նշել են, որ Պուտինը նման հայտարարություն է անում Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ների կիրառվելուց հետո՝ հավելելով, որ Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում թուրքական ԱԹՍ-ների հաջողությունն է  ստիպել Ռուսաստանին ավելի մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի արտադրությանը:  

Ուշագրավ է այն, որ թուրքական քարոզչամեքենան, թաքցնելով իր անհագստությունը Պուտինի հայտարարությունների մասով, պնդում է, թե «թուրքական ԱԹՍ-ների հաջողությունները վախեցրել են Պուտինին»: