ԵԿՄ-ից արտահոսք չկա, ավելին՝ անդամագրության 1000-ից ավելի նոր դիմում են ստացել․ NewArmenia.am
Երկրապահ կամավորականների միությունը հերքում է՝ իրենց կառույցից արտահոսք չկա՝ կապված քաղաքական տարաձայնությունների հետ: Այս մասին ասաց ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիլիա Պողոսյանը՝ հավելելով, որ ԵԿՄ-ն այս երկու տարվա ընթացքում Երևանում և մարզերում ստացել և ստանում է բազմաթիվ դիմում-հայտեր՝ ԵԿՄ անդամագրվելու համար,հայտնում է NewArmenia.am-ը։
«Քանի որ հաշվառման գործընթացն ավարտվել է, և ԵԿՄ շարքերը համալրել ցանկացողների բանակն էլ մեծ է, ուստի՝ ԵԿՄ-ն կրկին բացում է դռները: Վերջին հայտարարությունից հետո ԵԿՄ-ն ստացել է 1000-ից ավելի դիմում: Դիմումների ստացման գործընթացը շարունակվում է, կուսումնասիրվեն բոլոր դիմումները, ապա կլինի նոր անդամագրություն: ԵԿՄ-ն համագործակցում է ազգային, պետական մտածողությամբ բոլոր առողջ ուժերի հետ»,- ասաց նա:
ԵԿՄ խոսնակը վստահեցրեց՝ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև ստորագրած համաձայնագրից հետո իշխանությունների հետ խնդիրներ չկան կառույցում: Միևնույն ժամանակ հիշեցրեց, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, ավելին՝ կիսառազմական է:
«Մեր երկրին, բանակին այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ամուր թիկունք: Երկրապահ կամավորականները պատերազմի օրերին և նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո էլ շարունակում են մեր երկրի սահմանների պաշտպանության գործընթացը: ԵԿՄ-ն այսօր ավելի համախմբված է: Այս օրերին էլ հերթափոխով կազմակերպվում է մարտական հերթապահություն մեր սահմաններում »,- մանրամասնեց Պողոսյանը:
Վերջինս վստահեցրեց, որ ԵԿՄ անդամների համար անընդունելի ու անհասկանալի են իրենց անդամների մասին ապատեղեկատվությունները:
«Այստեղ երկրի սահմանների անվտանգությունն ապահովող կամավորներ են: Ինչպես 90-ականներին, այդպես էլ այս օրերին և միշտ երկրապահները, հավատարիմ իրենց առաքելությանը, պաշտպանելու են մեր երկրի սահմանների անվտանգությունը»,-եզրափակեց Լիլիա Պողոսյանը: