«ՀԱՊԿ-ը կոկա-կոլա չէ, որ կրկին փորձենք։ Նախկին փորձը ցույց է տվել, որ դա անգործունակ կառույց է, կոչված է բացառապես սպասարկելու ՌԴ-ի շահերը և կապ չունի Հայաստանի շահերի հետ։ Հետևապես թեկուզ ուշացած, բայց ժամանակ է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՀՀ սահմանների հարցը դարձնել ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկման առարկա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ պետք չէ պատրանքներ ունենալ, որ իրավիճակը հենց այնպես կկարգավորվի։
Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի կողմից հարձակում իրականացնելու պատճառով ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը և միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրս բերման ուղղությամբ։
«ՀԱՊԿ-ից, կրկնում եմ, ակնկալիք ունենալ պետք չէ, բայց պետք է դիմել, որ հետո չասեն՝ չդիմեցիք, մենք էլ չօգնեցինք։ Պետք է դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ, պետք է սերտ համագործակցություն ծավալել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ որպես Մինսկի խմբի եռանախագահ երկրներ։ Ադրբեջանին սանձել է պետք։ Ադրբեջանը վստահ է, որ Ռուսաստանն իրեն չի խանգարելու և անում է այն, ինչ անում է։ Եվ դրան պետք է վերջ դնել»,-ասաց քաղաքագետը։
Հովսեփ Խուրշուդյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ եթե ՀԱՊԿ-ը մեկ օրվա մեջ չարձագանքի Հայաստանի դիմումին, ապա պետք է ոչ միայն ձեռնարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու գործընթաց, այլև ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացակարգ սկսել․ «Սա արտառոց իրավիճակ է, Հայաստանը երկրորդ անգամ ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Ժամանակը շատ սուղ է, եթե հրատապ կարգով ՀԱՊԿ-ը չարձագանքի, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացակարգ պետք է սկսել, քանի որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը կաշկանդում է կշիռ ունեցող այլ գերտերություններին ներգրավվել տարածաշրջանում և օգնել Հայաստանին։ Հիմա իրենք մեզ ասում են՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, թող ՀԱՊԿ-նն էլ քեզ օգնի։ Իսկ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ապա նոր գործընկերային հիմքեր կստեղծվեն գործընկերային հարաբերություններ զարգացնելու նույն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ»,-ասաց Խուրշուդյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ժամանակից առաջ ընկնել պետք չէ և հնարավոր է նույն ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն հասկանան, թե ինչով է հղի իրենց լռությունը և ինչ որ քայլերի դիմեն ամեն դեպքում։
Ըստ Խուրշուդյանի՝ խնդիրը միայն ՀԱՊԿ-ը չէ, խնդիրը նաև Ռուսաստանն է, որի հետ մենք ունենք 1997 թվականի պայմանագիրը, որի շրջանակներում Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Մեր զրուցակցի խոսքով, սակայն, եթե Ռուսաստանը չի արձագանքում, պայմանագրային բուն պարտականությունները չի կատարում, ապա 97 թվականի պայմանագրից ևս պետք է դուրս գալ․ «Անիմաստ է մնալ պայմանագրերում, որը կաշկանդում է Հայաստանին և դրա դիմաց որևէ անվտանգային օգուտ չեն տալիս»,-ասաց Խուրշուդյանը։
Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ի հանգամանքը չի կաշկանդում Ադրբեջանին ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել, քանի որ ունի ՌԴ-ի «դաբրոն»․«Իրենք համագործակցաբար և Արցախը գրավեցին, իսկ հիմա էլ լրացուցիչ ճնշում են գործադրում Հայաստանի վրա ադրբեջանի ախորժակը բավարարելու համար։ Մենք պետք է դուրս գանք կեղծ դաշնակցային փաստաթղթերից, որոնք մեզ կաշկանդում են մեր իրական դաշնակիցների հետ համագործակցելու հարցում»,-ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելուն, ապա Խուրշուդյանն ասաց, որ նման ագրեսիայի դեպքում ընթացակարգերը մշակված են և բավական արագ արձագանք կարող է լինել։
Նշենք, որ այսօր ԱԺ ամբիոնից ևս շեշտադրվեց, որ ՀԱՊԿ-ը իր դաշնակցային պարտավորությունները չի կատարում և դա կարող է Հայաստանին ստիպել «մեկ վայրկյանում ռազմավարական գործընկերությունը փոխել»։