«Նախագիծը բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի առաջացնում, ընդամենը արձանագրում է պետության վերաբերմունքը զինծառայողի նկատմամբ»․ Թագուհի Թովմասյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ըստ իմ ներկայացրած նախագծի՝ զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ և անվճար՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»,- ասաց նախագծի հեղինակը:

Նրա խոսքով՝ զինծառայողները հնարավոր է մինչև մեկ ամիս հերթի մեջ լինեն տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում. «Այս նախագիծը բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի առաջացնում, ընդամենը արձանագրում է պետության վերաբերմունքը զինծառայողի նկատմամբ»:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ կառավարությունն ու գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն են տվել նախագծին, և հավելեց. «Շուտով ամբիոնին կմոտենա գնդապետի որդի, բուժծառայության սպա և կասի՝ ի՞նչ է, դուք զինծառայողի մասին ավելի շա՞տ եք մտածում, քան մե՞նք: Ուզում եմ արձանագրել, որ, այո, որովհետև փաստերը խոսում են դրա մասին»: