«Օմիկրոնի դեպք այս պահին Հայաստանում հայտնաբերված չէ»․ Անահիտ Ավանեսյան
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կա հստակ սխեմա, թե ինչպես քաղաքացիները կարող են պատվաստվել և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերի փոփոխությունը որոշակի դրական ազդեցություն կարող է թողնել։ Օրինակ, եթե երկու դեղաչափ ստացել են մի տեսակի պատվաստանյութ, ապա երրորդ դեղաչափը կարող են փոխել և պատվաստվել մեկ այլ տեսակի պատվաստանյութով։

Ավանեսյանը նշեց նաև, որ երրորդ դեղաչափը համարվում է խթանիչ, երկու դեղաչափը համարվում է ամբողջական պատվաստված։

Նախարարը նշեց, որ եվրոպական երկրներ այցելելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները երկու դեղաչափով պատվաստված լինեն այնպիսի պատվաստանյութով, որն այդ երկրներում ընդունված է, որ միայն խթանիչ դեղաչափը չի կարող համարվել բավարար։

«Աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է։ Դա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակումները իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին և սա միանշանակ պաշտպանողական շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով։ Մեր զինանոցում կան որոշակի և՛ խրախուսող, և՛ սահմանափակող միջոցառումներ, որոնք մենք ըստ ժամանակի կգործարկենք։ Դուք գիտեք, որ հիմա քննարկման փուլում է գտնվում սննդի վայրերում, ժամանցի վայրերում ևս պահանջելու պատվաստման սերտիֆիկատը կամ ՊՇՌ հետազոտության արդյունքները։ Ավարտական, տեխնիկական մի քանի ճշգրտումներ կային անելու և, կարծում եմ, դա առաջիկա շաբաթվա մեջ կհաստատվի», - ասաց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հիմա հաշվարկվում է, թե այն քաղաքացիները, որոնց՝ կովիդից բուժումը պետք է վճարովի լինի, ինչքան է այն կազմելու։ «Պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որպեսզի ապահովի մեր քաղաքացիների անվճար բուժումը, բայց այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում մի քանի անգամ էժան ծախս ենթադրող միջոցառումից օգտվել և պատվաստվել, մենք պետք է դիտարկենք բուժումը վճարովի դարձնելու հարցը։ Այս պահին հաշվարկներ ենք իրականացնում, թե մեկ դեպքի արժեքն ինչքան կկազմի», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը վստահեցրեց, որ կովիդի բուժման ողջ պրոտոկոլային թե՛ դեղորայքը, թե՛ թթվածնային բուժումը, թե՛ մնացած բոլոր սարք-սարքավորումների նյութածախսերը իր վրա է վերցնում պետությունը։ «Բայց մենք գիտենք, որ կովիդի բուժման մեջ ներառված է նաև ոչ պրոտոկոլային, փորձարարական դեղամիջոցներ։ Այո՛, կա մի դեղամիջոց, որը բավականին թանկարժեք է և մենք դեռ չենք կարող ներառել մեր փաթեթում։ Բայց այս դեղամիջոցը շատ փոքրաթիվ քաղաքացիների համար է ցուցված լինում և չենք կարող լայնամասշտաբ կիրառման մասին խոսել», - ասաց Ավանեսյանը։

Ինչպես ասաց նախարարը, օմիկրոնի դեպք Հայաստանում այս պահին դեռ հայտնաբերված չէ։