Ֆրանսիայի նախագահի թեկնածուի այցը ոչ միայն ճանաչողական է, այլ նաև այն քաղաքականության արտացոլումն է, որ որևէ գործիչ չի կարող անտեսել Արցախի հարցը. Վալերի Պեկրեսի արցախյան այցի արձագանքները
Հայաստան կատարած այցի ընթացքում Փարիզի  Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, որը նաև Ֆրանսիայի  ազդեցիկ՝  աջ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված  նախագահի թեկնածուն է, այցելել է Արցախ: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած այցի մասին լուրը հայտնի դարձավ  «France Télévisions» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ժուլիեն Նենիի միջոցով, որը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Վալերի Պեկրեսն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական առաջնորդների հետ»։  Այցը, լրագրողի հավաստմամբ,  չի լուսաբանվել ՀՀ-ում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից՝ անվտանգության նկատառումներով: 

ՀՀ-ի  հանդեպ ֆրանսիացի քաղաքական գործիչների՝ վերջին շրջանում էլ ավելի ընդգծված  հետաքրքրությունը փորձագետները  պատահական չեն համարում։ Ըստ այդմ՝ այցի ուղերձը ոչ միայն  Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի համակրանքը նվաճելն է՝ սպասվող ընտրություններից առաջ, այլև  ՀՀ-ի շուրջ ծավալվող տարածաշրջանային զարգացումները, որոնք ներդաշնակվում են  ֆրանսիացի աջերի նախընտրական մարտավարության տրամաբանությանը, քարոզչական թեզերին, որոնցից մեկն էլ Փարիզը արևելքի քրիստոնյաների պաշտպան ներկայացնելն է։ Հիշեցնենք, որ մոտ  երեք շաբաթ առաջ  էլ ՀՀ էր ժամանել  Ֆրանսիայի նախագահի մեկ այլ հավակնորդ՝  ծայրահեղ աջ Էրիկ Զեմուրը։ 

Ո՞րն էր Վ. Պեկրեսի արցախյան այցի  ուղերձը, այն քաղաքակա՞ն էր, թե՞  քարոզչական։ ԼՂՀ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես Ֆրանսիայի ներքաղաքական խնդիրների, այսպես ասած՝ մասնագետ չեմ, բայց գիտեմ, որ ֆրանսահայ գաղութը բավական ազդեցիկ է, և նախագահի թեկնածու Վ. Պեկրեսի Արցախ այցելությունը գնահատում եմ առաջին հերթին որպես ուղերձ իր ապագա հայ ընտրողներին։ Գործող նախագահ Մակրոնը, երևում է, ֆրանսահայության շրջանում բարձր հեղինակություն ունի, և նրա հավանական մրցակիցը, կարծում եմ, փորձում է հակակշիռ ստեղծել։ Իրականում ոչ Մակրոնն է հանուն Հայ դատի կամ Արցախի փորձության դնում Ֆրանսիայի աշխարհաքաղաքական շահերը, ոչ էլ դա Վալերի Պեկրեսն է անելու, եթե եկող տարի ընտրություններում հաղթի։ Մեր քաղաքական հասունությունը, ցավոք, ուշանում է»։ 
 
Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ Արցախ գնալու համար մեծ քաղաքական կամք է հարկավոր, նաև՝ հաշվենկատություն այն առումով, որ նախընտրական արշավի ժամանակ թուրք-ադրբեջանական լոբբին աշխատելու է ընդդեմ այս այցի, արցախցի գործիչը հակադարձեց. «Ֆրանսիայում, որքան գիտեմ, էթնիկ թուրքեր քիչ կան։ Դա Գերմանիան չէ։ Երկրորդ՝ Ֆրանսիան Ադրբեջանում և Թուրքիայում տասնյակ միլիարդավոր դոլարի ներդրումներ ունի։ Իրական քաղաքականությունը որոշում են շահերը։ Այս առումով, համոզված եմ, Ֆրանսիայի նախագահի նույնիսկ ոչ պաշտոնական թեկնածուի Ստեփանակերտ այցը Բաքվին և Անկարային շատ չի հուզի»։ 

Պատերազմից հետո էլ շարունակում է առկախված մնալ ԼՂ կարգավիճակի հարցը։ Ֆրանսիայում տեղի ունենալիք նախագահի ընտրություններից հետո ակնկալո՞ւմ եք որոշակի ակտիվություն կարգավիճակի հարցի հստակեցման օրակարգի շուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան համանախագահղ երկիր է ԵԱՀԿ Մինսկի խմբում հարցին ի պատասխան՝ Աթանեսյանն ասաց. «Ժամանակն է իրականությանը նայելու և այն ընկալելու՝ ինչպես կա։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը մնացել է, ցավոք, անցյալում։ Այսօր բոլորովին այլ ժամանակ է, այլ իրավիճակ։ ԼՂ կարգավիճակի հարց, ինչպես մենք ենք պատկերացնում, միջազգային քաղաքական օրակարգում չկա։ Այն կարող է ակտուալացնել պաշտոնական Ստեփանակերտը, բայց՝ ոչ այսօր կամ վաղը։ Շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ, կախված է լինելու նրանից, թե գլոբալ անվտանգության հարցերում համաձայնության կգա՞ն ԱՄՆ-ը և Ռուսաստանը, Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն, թե՞ դիմակայությունը կխորանա։ Ըստ առաջիկա տասնամյակի «եղանակի» էլ՝ կդիտարկվեն մեր հնարավորությունները»։   

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ  Անուշ Բեղլոյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ Ֆրանսիան համանախագահող երկիր է ԵԱՀԿ Մինսկի խմբում, և նախագահի պաշտոնին հավակնող տիկին Պեկրեսի այցը Արցախ նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համատեքստում պետք է գնահատել։ «Ցանկացած գործիչ պետք է ունենա բավարար գիտելիք, իրավունք, համակողմանի տեղեկացվածություն՝ Արցախի հարցի, բանակցային գործընթացի մասին խոսելու համար, գործընթաց, որի հանդեպ  Ֆրանսիայի դիրքորոշումը բոլոր նախագահների օրոք մշտապես եղել է  կառուցողական»,-ասաց պատգամավորը՝ հավելելով. «Կարծում եմ՝ այս այցը ոչ միայն ճանաչողական է, այլ նաև այն քաղաքականության արտացոլումն է, որ որևէ գործիչ չի կարող անտեսել կամ բացառել Արցախի հարցը իր արտաքին քաղաքական օրակարգից»։ 

Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե նախագահի թեկնածուի այցը դիվանագիտական տեսանկյունից  ռիսկային է,  այն առումով, որ  այդ այցը կատարվում է նախընտրական շրջանում և կարող է բացասական ռեզոնանսներ ունենալ։ «Եվրոպական համատեքստում՝ թե՛ Եվրախորհրդարանի, թե՛  նաև Ֆրանսիայի կողմից է բազմիցս հնչեցվել, որ Եվրոպայում չպետք է լինեն, այսպես ասած, «գորշ շրջաններ», որոնք կտրված են միջազգային հանրության ուշադրությունից։ Այդ տեսակետից, նաև ԵԱՀԿ համանախագահող երկրների հայտարարություններում  բազմիցս հնչել են կոչեր՝ բացել Արցախը միջազգային հումանիտար առաքելությունների և կազմակերպությունների համար։ Ես համաձայն չեմ, որ այդ այցը ռիսկային էր։ Մինչև 44-օրյա պատերազմը և պատերազմի ընթացքում էլ միջազգային պատվիրակությունների, խորհրդարանականների  բազմաթիվ այցել են եղել Արցախ։ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, եթե հիշում եք, նույնպես այցելել էր Արցախ»։ Պատերազմը  կամ այլ հանգամանք, ըստ պատգամավորի,  չպետք է խոչընդոտի Արցախ այցեր կատարելուն։ «Եվ մենք չպետք է տրվենք այն շանտաժին, որ այցեր Արցախ չպետք է լինեն. դա  Ադրբեջանի օրակարգն է։ Ինչպես Արցախի ժողովուրդը իրավունք ունի շփվելու արտաքին աշխարհի հետ, այնպես էլ  արտաքին աշխարհը՝ ի դեմս պատվիրակությունների, անհատ գործիչների, պետք է ազատ մուտք ունենա Արցախ։ Այս համատեքստում միջազգային որևէ գործչի՝ Արցախ կատարած այցին ուղղված քննադատությունը մեկ նպատակ ունի՝ այսպիսով մեկուսացնել Արցախի ժողովրդին ու Արցախի հարցը միջազգային ուշադրությունից»։  

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ֆրանսիայում նախագահի ընտրություններից, նոր վարչակազմի ձևավորումից հետ  ԼՂ կարգավիճակի հարցը, որը կարծես սառեցվել է, ակտիվանա, ՔՊ պատգամավորը պատասխանեց․ «Կարծում եմ՝ գործող նախագահն էլ Արցախի հարցը  չափազանց ակտիվ է պահում, և Ֆրանսիան Մինսկի խմբի աշխատանքների վերականգնման, վերաակտիվացման առումով մեծ ներդրում ունի։ Ես չեմ պատկերացնում, թե էլ ավելի ակտիվ ինչպես կարող է լինել։ Բայց համոզված եմ, որ եղած ակտիվությունն էլ կպահպանվի՝ անկախ ընտրությունների արդյունքներից, քանի որ սա ոչ թե առանձին նախագահի դիրքորոշում է, այլ պետական քաղաքականություն է և արտահայտում է հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի վերաբերմունքը»։  

Հեղինե Մանուկյան