ԵՄ-ն 4 մլն եվրո է ներդնում՝ ՀՀ-ում չափագիտությունը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար․ Էկոնոմիկայի նախարարն ու ՄԱԱԶԿ-ն համաձայնագիր ստորագրեցին․ Տեսանյութ
Դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը ստորագրել են «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրային փաստաթուղթը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՄԱԱԶԿ կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Բերնարդո Կալզադիլա-Սարմիենտոն և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը։

Եվրոպական միությունը տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 4 մլն եվրո ներդրում է կատարելու Հայաստանում չափագիտության ոլորտը զարգացնելու համար։ Այս ծրագիրը համապատասխանում է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) դրույթներով ստանձնած պարտավորություններին, որը կհանգեցնի առևտրի մրցունակության բարելավմանը և ՀԸԳՀ-ով նախատեսված դրույթներից բխող օգուտների բովանդակալից
իրականացմանը: Որակի ենթակառուցվածքի (ՈԵ) զարգացումից կշահի ոչ միայն առևտրի ոլորտը, այլև այլ ոլորտներ, այդ թվում՝ սննդի անվտանգության և առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ոլորտները։

Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։ Ծրագիրը նաև կօգնի ստեղծել տրամաչափարկման չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ:

Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կարող է հմտորեն օգտվել ՀԸԳՀ-ի առավելություններից, բարելավել Հայաստանում արտադրված արտադրանքի որակը և ապահովել Հայաստանի փորձարկման լաբորատորիաների կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջազգայնորեն ճանաչումը, ինչն, ի վերջո, թույլ կտա ավելացնել ԵՄ-ի և այլ արտաքին շուկաների հետ առևտրի ծավալները։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, կկազմակերպվեն դասընթացներ,
ձեռք կբերվեն սարքավորումներ և ծառայություններ, կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ: Ծրագրի իրականացման տևողությունը 39 ամիս է, արժեքը՝ 4.1 մլն եվրո, որից 4 մլն եվրոն ԵՄ-ի ներդրումն է, իսկ 100,000 եվրոն՝ ՄԱԱԶԿ-ի։