Վանաձորի ավագանին չկարողացավ համայնքապետ ընտրել. առաջին նիստը չկայացավ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն ընթերցեց Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում նիստ հրավիրել՝ համայնքապետ ընտրելու օրակարգով: Բացի այդ, ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, հետևաբար՝ նիստն իրավազոր չէր։
«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամներից մեկը հայտարարեց. «Իշխող ուժն այս որոշումով ուղղակի փորձում է խլել վանաձորցու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»:
Ավագանու առաջին նիստը պետք է կայանար դեռևս դեկտեմբերի 17–ին, սակայն դրանից 2 օր առաջ ՏԻՄ ընտրություններում հաղթած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։