Աբրամ Բախչագուլյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնակատար
Հաշվեքննիչ պալատի նախագահի պարտականությունների կատարումը նախկին նախագահ Լևոն Յոլյանի հրաժարականից հետո հունվարի 27-ից վերապահվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՊ կայքից:

Յոլյանը, հիշեցնենք, հրաժարական էր ներկայացրել հունվարի 19-ին: Նշենք, որ Աբրամ Բախչագուլյանը 2017 թ. մայիսի 5-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 14-ը: Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի անդամ է, համակարգում է Պալատի  9-րդ վարչության աշխատանքները: Բախչագուլյանը 2005- 2007թթ. եղել է  ԿԸՀ  նախագահի տեղակալ, 2007-2011թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար,  2003-2005թթ. եղել է  ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օգնականը:

Նշենք, որ ըստ Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի՝ Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած այն քաղաքացին, որն ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում: