Չավուշօղլուն ցանկանում է հայ-թուրքական հանդիպումները անցկացնել Անկարայում և Երևանում
«Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտվի առիթից և վերանայի իր դիրքորոշումները։ Նա հավելել է, որ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը։

«Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին: Մենք միամիտ չենք, միևնույն ժամանակ գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտություն կա», - ասել է Չավուշօղլուն: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մարտի 11-13-ը Թուրքիայի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի հրավերներ են ուղարկվել ՀՀ ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանին և Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, կարգավորման հարցերով Թուրքիայի հետ հարաբերությունների Հայաստանի հատուկ ներկայացուցիչ  Ռուբեն Ռուբինյանին։ Հայկական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։

Թարգմանությունը՝ radar.am