Ուկրաինան աշխարհում ռուսական նավթի և գազի առևտրի ամբողջական էմբարգո (
embargo՝ կալանք, արգելք) է պահանջում. երեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան. հաղորդում է
korrespondent.net-ը:«Այս ուղղությամբ առաջին որոշումն արդեն կայացրել է Կանադան, և այդ ալիքը կշարունակի աճել»,- ասել է նա։
Նախարարը նաև հայտարարել է, որ շուտով ռուսական բանկերը պետք է անջատվեն SWIFT համակարգից։
«Մենք պահանջում ենք ուժեղացնել ճնշումն ու մեկուսացումը, քանի դեռ Պուտինը չի դադարեցրել իր պատերազմն Ուկրաինայի դեմ, չի դադարեցրել մարտերը, դուրս բերել իր զորքերը, չի վճարել իր արածի համար։ ... Ես արդեն տեղեկացրել եմ, որ ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից պետք է տեղի ունենա մոտ ապագայում»,- ասել է Կուլեբան։
Նշենք, որ այսօր ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը Եվրախորհրդարանի նիստում ասել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները թույլ չեն տա, որպեսզի Կրեմլը այն գումարները, որ վաստակել է Եվրոպա գազ մատակարարելով, ծախսի պատերազմի վրա:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ եվրոպացիները պետք է էլ ավելի համախմբված լինեն։ «Մենք շատ բան ենք արել. մենք զարմացրել ենք աշխարհին, մենք զարմացրել ենք Պուտինին արագ գործելու մեր ունակությամբ, և մենք պետք է շարունակենք այս ճանապարհը», - ասել է Բորելը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախօրեին հայտարարել է, որ Կանադան մտադիր է արգելք դնել Ռուսաստանից նավթի ներկրելու վրա։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի