Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի համապատասխան կարգադրության համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին: Այդ կապակցությամբ ԱԺ հատուկ նիստ կգումարվի:
ԱԺ հայտարարության մեջ ասվում է.
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի հատուկ նիստում
Հանրապետության նախագահի՝ պաշտոնը ստանձնելու մասին
Սահմանադրության 127-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները երեկ քվեարկության երկրորդ փուլով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընտրությանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցել: