Այսօր նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Այսօր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ կանցկացնեն։
Տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մեկուկես տասնյակ հարց է ներկայացված հինգ երկրների առաջնորդների քննարկմանը, դրանց թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղեցույցները, 2021 թվականի ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման աշխատանքների արդյունքները:
ԵԱՏՄ կայքում տեղադրված հաղորդագրությունը նաև նշում է, որ տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու համար խորհրդի անդամները կքննարկեն Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև այս տարվա մարտի 14-ին ստորագրված ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի արձանագրության ուժի մեջ մտնելը։
Նիստը տեղի կունենա Ղրղըզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։
Անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ նախորդ գագաթնաժողովը նույնպես անցկացվել է տեսակապով՝ համավարակի պատճառով։