ՀՀ իշխանությունը չի պատրաստվում փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից. Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ ընդդիմությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ կառավարությունը իր գործողություններում ու հայտարարություններում հրապարակային է:

«Այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Խոսելով ընդդիմադիրների մասին, մասնավորապես, դիտարկմանը, թե նրանք ուզում են կոնկրետ լսել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արայիկ Հարությունյանն ասաց, թե եթե ընդդիմադիրները գործընկերային են, ապա գործընկերային կստանան:

«Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում ու բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի», - ասաց նա:

Հարությունյանն ասաց, թե ընդդիմությունը ներխուժել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն ու խնդիրներ ստեղծել արտաքին քաղաքականության դաշտում:

Նրա խոսքով՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, քիչ խոսել ու շատի հասնել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»:

«Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Մեկ տարի առաջ մեր ժողովուրդը պատասխանը տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել․․․, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից», - հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: