ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի տարածքներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ մոտեցումները
2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Կողմերը քննարկել և hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ։
Կողմերը կշարունակեն աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: