Մի քանի օր առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել դատարան ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամ»-ի՝ վերջինիս գործունեությունը Հայաստանում արգելելու համար։
«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի փողերով ստեղծված «Բաց հասարակության հիմնադրամը»՝ Սորոսի հիմնադրամը, ամբողջ աշխարհում ցանում է պառակտման, քայքայման սերմեր, հասարակությունը բաժանում է փոքրամասնությունների և անհանդուրժողականություն է սերմանում իր իսկ կողմից բաժանված հանրային խմբերի միջև»․ Facebook-ի իր էջում իր պարտքն է համարել հանրությանը տեղեկացնել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Այսօր էլ Աթանեսյանը գրել է, որ արդեն իսկ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանի հետ միասին հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ «Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով»:
«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները՝ դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից»,- գրել է Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամ»-ը Հայաստանում գործում է դեռևս 1997 թվականից։ Ասել է թե՝ այն 10 տարի «պետականաքանդ և հակազգային գործունեությամբ է զբաղվել» Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որի աջակցությունն է ստանձնել Աթանեսյանը, ապա՝ ևս 10 տարի նույնը շարունակել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, սակայն միայն այսօր է Աթանեսյանն իր համար բացահայտել հիմնադրամի գոյությունը և որոշել պայքար մղել դրա դեմ։
Civic.am-ը կապ հաստատեց Տիգրան Աթանեսյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչն է առիթ հանդիսացել, որ 1997-ից ի վեր Հայաստանում գործող հիմնադրամի դեմ որոշեց միայն հիմա հայց ներկայացնել դատարան։ Աթանեսյանը, սակայն, հրաժարվեց խոսել մեր լրատվամիջոցի հետ։
Տիգրան Աթանեսյանը իր գրառման մեջ վկայակոչել էր նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի քրեական գործը՝ նշելով, որ ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում, ըստ Աթանեսյանի, Սորոսի հիմնադրամի մի շահառուի մեղադրանք է առաջադրվել եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու համար: «Կատարող անձը կոռումպացված օլիգարխ Սորոսից ստացել է բավական կլորիկ գումար: Սորոսի հիմնադրամը խուճապահար լծվել է մեղադրյալի աթոռին հայտնված իրենց գործընկերոջ պաշտպանությանը, և դա ամենևին զարմանալի չէ, որովհետև նորմալ երկրում նման քրեական հետապնդումը օրինական հիմք կարող է հանդիսանալ Սորոսի հիմնադրամի գործունեությունը ճանաչել ապօրինի ու հանրության համար վտանգավոր և որպես արդյունք արգելել այդ հիմնադրամի գործունեությունը»,- գրել է Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ հայ ու եզդի ժողովուրդների միջև թշնամանք հարուցելու համար մեղադրանք էր առաջադրվել «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին։ Սուլթանյանը 2020-ի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Հայաստանում եզդիների խնդիրներից։ Ապա Սուլթանյանը պարզաբանել էր տեղի ունեցածը՝ նշելով, որ լրագրողը առանց իր իմացության որպես հարցազրույց հրապարակել է իրենց անձնական զրույցը, որտեղ ինքը բաց խոսում է եզդիական համայնքի խնդիրների մասին։ Հրապարակված նյութը իր պահանջով հեռացվել է հենց նույն օրը, բայց տեքստը պահպանել ու թարգմանել են հայերեն՝ շատ փաստեր խեղաթյուրելով։
«Փաստեր էինք ներկայացրել, որ թարգմանությունն ուղղակի իրականությանը չի համապատասխանում, բայց նախաքննական մարմինը ոչ թե փորձել է ուղղել այդ սխալը, այլ մեղադրական եզրակացության մեջ և նաև դատախազության կայքում հրապարակված տեքստն ուղղակիորեն այնպես է փոփոխված, որպեսզի իրենք ստանան մեղադրական եզրակացություն, և չի համապատասխանում իմ կողմից ասված բառերին»,- ասել էր Սաշիկ Սուլթանյանը։
Դատախազության տեսակետը կասկածի տակ են առնում նաև բազմաթիվ իրավապաշտպանններ։ Այս գործին անդրադարձել է նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ։
Civic.am-ը գրավոր հարցում էր ուղարկել «Բաց հասարակության հիմնադրամ»-ին՝ խնդրելով պարզաբանել, թե հիմնադրամը ի՞նչ կապ ունի Սաշիկ Սուլթանյանի հետ, և ինչպե՞ս կմեկնաբանեն փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ դատարան հայցադիմում ուղարկելը։
Մեր գրավոր հարցմանը պատասխանելով՝ հիմնադրամից հայտնել են, որ հայց ներկայացնելը, վարույթ ընդունելը, պատասխանողի ներգրավումը և այս իրավիճակներին բնորոշ այլ գործընթացներ շատ հստակ կարգավորվում են օրենքով սահմանված դատավարական ընթացակարգերով, և եթե, այդ ընթացակարգերի համաձայն, պահանջվի հիմնադրամի ներգրավվածությունը, ապա իրենք առաջնորդվելու են օրենքով սահմանված կարգով։
Անդրադառնալով Սաշիկ Սուլթանյանի հետ իրենց առնչությանը՝ հիմնադրամից Civic.am-ին պատասխանեցին, որ իրենք ցուցաբերել են աջակցություն «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությանն առաջին անգամ 2019թ.-ին՝ իրականացնելու մարդու իրավունքների, հակախտրականության թեմաներով դասընթացներ, փաստագրելու իրավունքների խախտումները և պատրաստելու վավերագրական տեսանյութ դրանց հիման վրա։ «Երկրորդ նախաձեռնությունը իրականացվել է 2020թ.-ին և ուղղված է եղել մեղմելու COVID-19-ով պայմանավորված հումանիտար ճգնաժամի վիճակը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների համար Երևանում և Հայաստանի 27 բնակավայրերում։ Այս նախաձեռնության շրջանակներում 400 շահառու ընտանիքներ ստացել են մեկ ամսվա սնունդ և հիգիենայի պարագաներ։ Երրորդ ծրագիրը նույնպես պայմանավորված էր համաճարակով, որն ուղղված է եղել ուսումնասիրելու եզդիական համայնքի հասանելիությունը հանրային ծառայություններին, առողջապահական հաստատություններին։ Այս ուսումնասիրությունը պետք է օգնի վերհանել խնդիրները և դրանց հիման վրա մշակել առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն տեղական, մարզային և պետական տարբեր մարմիններին»,- նշված էր ԲՀՀ պատասխանում։
Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամ»-ը 1997 թվականից սկսած բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որոնք ուղղված են տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, պետական կառույցների ավելի թափանցիկ ու արդյունավետ աշխատանքի բարելավմանը, լրատվամիջոցների ազատությանը և այլն։ «Բաց հասարակության հիմնադրամ»-ից դրամաշնորհներ են ստացել և ստանում բազմաթիվ լրատվամիջոցներ՝ օրինակ՝ Երկիր Մեդիան, փաստաբաններ՝ նաև նրանք, ովքեր այսօր Քոչարյանի պաշտպանությամբ են զբաղվում, իրավապաշտպաններ, պետական կառույցներ, օրինակ՝ Ոստիկանությունը, Հայ Առաքելական եկեղեցին և այլն։
2018 թվականի հեղափոխությունից հետո «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կամ, այսպես կոչված, «Սորոս»-ի հիմնադրամի մասին խոսակցությունները ակտիվացան բազմաթիվ անհատների, լրատվամիջոցների շնորհիվ, այդ թվում նաև՝ այն մարդկանց և լրատվամիջոցների, որոնք ժամանակին օգտվել են հիմնադրամի տրամադրած դրամաշնորհներից։ Չնայած հիմնադրամը Հայաստանում գործում է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիներից, նրանք միայն 2018-ից հետո սկսեցին խոսել հիմնադրամի մասին, ընդ որում, փորձելով վատ լույսի ներքո ներկայացնել հիմնադրամի գործունեությունը՝ այն անվանելով «ազգակործան», «պետականակործան», «քայքայիչ», «պառակտիչ» և այլն, չնայած ժամանակին այդ նույն հիմնադրամից դրամաշնորհներ են ստացել և տարբեր ծրագրեր իրականացրել։ Ըստ այդ մարդկանց տրամաբանության՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում Ոստիկանությունը, Հայ Առաքելական եկեղեցին, Դաշնակցությանը պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, «Սորոս»-ի հիմնադրամից ֆինանսավորվելով, զբաղվել են պետականակործան, քայքայիչ, պառակտիչ գործունեությամբ։
Հանուն արդարության նշենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Բաց հասարակության հիմնադրամ»-ից երբեք դրամաշնորհ չի ստացել, թեև չի բացառվում, որ երբևէ գործի բերումով պաշտպանել է որևէ «սորոսականի» իրավունքները դատարանում։
Վովա Հակոբյան