Արտերկրում սադրանքներ կազմակերպած ՀՅԴ-ականները, որոնց մուտքը ՀՀ արգելվել է, անիծում ու հաթաթա են տալիս գործող իշխանությանն ու վերջինիս ընտրած ՀՀ քաղաքացիներին
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի, Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախմբի  ատենապետ Մասիս Աբրամայանի  եւ նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի, մուտքը ՀՀ արգելելու դեմ ՀՅԴ-ն այսօր ակցիա է կազմակերպելու ԱԳՆ շենքի դիմաց։ Ակցիայի մասին ազդագրում ակցիայի նպատակը այսպես է ներկայացված՝ «Բողքի ակցիա ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի»։ 

Սփյուռք եւ սփյուռքահայեր հասկացությունները, փաստորեն, ՀՅԴ-ն նույնացնում է իր եւ իր կուսակիցների հետ եւ շահարկելով իր անդամների հետ պատահածը, փորձում է այնպիսի  տպավորություն ստեղծել, որ ՀՀ  իշխանությունները արգելում են համայն սփյուքահայության մուտքը իրենց հայրենիք։ Մինչդեռ խոսքն, ինչպես արդեն նշեցինք, ընդամենը երեք հոգու մուտքի արգելքի մասին է։ 
Նույնիսկ այս հարցում է ՀՅԴ-ն քաղաքական սպեկուլյացիայի դիմում՝ սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ իշխանությունների նկատմամբ տրամադրելու համար։ 

Իսկ ովքե՞ր են այդ ՀՅԴ-ականները, որոնք մուտքն արգելվել է։ Հիշեցնենք՝ կառավարությունը հայտնել է  մասնավորապես Փափազյանի մուտքի արգելքի պատճաների մասին, ըստ այդմ․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»:  Ֆրանսահայ  Փափազյանը, նշենք, նախօրեին հայտարարել է, թե «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածում է ավտորիտար պետության. Ժողովրդավարությունը ոտնահարված է, անհատական ազատությունները՝ արհամարհված։ Նիկոլ Փաշինյանը սարսափի մթնոլորտ է ստեղծում։ Մենք դա չենք ընդունում։ Մենք դա չենք ընդունի։ Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Եվ մենք կհասնենք հաջողության»:

Փաստրեն, Ֆրանսիայի քաղաքացին պետք է  պայքարի ՀՀ քաղաքացիների կողմից օրինական ընտրությունների միջոցով  ընտրված իշխանության հեռացման համար, այն քաղաքացին, որը չունի ընտրական իրավունք, սակայն իրեն իրավունք է վերապահում արհամարհել ու տրորել այդ իրավունքն ունեցողների կամքն ու քվեն։

Այժմ անդրադառնանք Մասիս Աբրահամյանին, որի մուտքի արգելքի վերաբերյալ առայժմ պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել։ Նշենք, սակայն, որ մայիսին ՀՀ կառավարության անդամների՝ Նիդերլանդներ այցի ժամանակ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ, ինչպես հայտնել ենք,  սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում Փաշինյանի հասցեին։ Ակցիայի մասնակիցների մեջ էր նաեւ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախմբի  ատենապետի դուստր Սյունեն։  

Դատելով Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումից՝ վերջինս արդեն լքել է ՀՀ-ն, սակայն խոստացել է, «որ շուտով վերադառնալու եմ, որպեսզի անձամբ ուղեկցեմ իրեն դեպի դաժան դատաստան»։ «Իրեն» ասելով վրեժի ծարավ ՀՅԴ-ականը  նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։ Աբրահամյանը, նկատենք, մինչեւ մեկնելը մի այսպիսի բարեկիրթ գրառում էլ էր արել․ «Դու ո՞վ ես ա՛յ բուսած չիբան, որ իմ բախտը ճակատագրես ու ինձ իմ երկրից հեռացնես։ Դավաճան մարդասպան գիտես մարսելու ե՞ս։ Ամեն գնով, անձամբ ուղեկցելու եմ քեզ ցմահ բանտարկության: Հավերժ նզովք ու անեծք քեզ։ Չես ներվի, չեն ներվի նաև նրանք ովքեր լուռ ու մունջ ճիվաղին արքա կարգեցին»։
Դաշնակցական այս գործիչը եւս, փաստորեն, հաթաթա է տալիս ՀՀ 680 հազար քաղաքացիներին, որոնք իրացրել են ՀՀ իշխանություն ընտրելու իրենց իրավունքը, ավելին՝ նրանց չի ներում։ Չի ներում, քանի որ  իր  կուսակցության հայաստանյան ներկայացուցիչները մայր հայրենիքում տարիներ շարունակ գործունեություն են ծավալել օրվա ռեժիմի հետ «օրթաղ լինելով», ԱԺ-ում եւ կառավարությունում  մանդատ ու պորտֆել բաժանելով։ Իսկ ահա Նիկոլն ու նրա աջակիցները եկան, վերականգնեին  ՀՀ քաղաքացու  ընտրական իրավունքը,  արդար ընտրություններ կազմակերպեցին, իշխանություն դարձան՝ վռնդելով  նախկին համակարգի արքաներին ու ճիվաղներին։   
Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ ՀՅԴ-ի եւ նրա սփյուռքահայ երկու ներկայացուցիչների մասին։ 

Ելենա Ազատյան