Արցախի Մարտակերտի շրջանի Վանք ու Նարեշտար գյուղերի սահմանային հատվածում են 2 օր առաջ եղել կրակոցները։ Հիմա կրակոցներ չկան, առաջին օրն է եղել միայն։ Սահմանը մոտ չէ գյուղերին, բնակիչներին տարհանելու խնդիր չկա, թե կանայք, թե երեխաները գյուղերում են մնացել։ Այս մասին
Civic.am-ին տեղեկացրեցին Մարտակերտի շրջանի վարչակազմից ու հավելեցին․ «Վախենալու ոչ մի բան չկա»։
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածում, որ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Ըստ պաշտպանության բանակի տեղեկատվության՝ ադրբեջանական կողմի սադրանքից տուժել է մեկ ՊԲ զինծառայող, որի վիճակը գնահատվել էր բավարար։
«Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը՝ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:»,- գրված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն
հայտնել է կրակոցների արդյունքում իր մեկ զինծառայողի զոհվելու մասին։