Սարի թաղում ապրող 11 հոգանոց ընտանիքում միասին երբեք սեղան չեն նստում. ճաշասեղան չունեն․ օրեր են լինում, երբ տան 6 երեխաները կշտանում են միայն ցամաք հացով

Մեր լրատվականը ֆեյսբուքյան հրապարակման հետքով այցելեց Երևանի Սարի թաղի 16-րդ փողոցի 22-րդ հասցեում սոցիալական ծանրագույն անապահով պայմաններում ապրող, 6 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին։ Դժվար է գտնել բառեր, որոնք ճշգրիտ կբնութագրեն Գալստյանների ընտանիքի չքավորությունը․ պարզապես այն չի կարող ընկալելի լինել 21-րդ դարում ապրող մարդու համար։ 11-հոգանոց բազմանդամ ընտանիքը երբեք միասին չի նստում ճաշի, խնջույքներ ու Նոր տարին միասին չի նշում, որովհետև որքան  էլ զարմանալի է՝ ճաշասեղան չունի։

Ընտանիքի հայրը՝ Անուշավանն ասում է, որ ստիպված իրար հերթափոխելով են նստում իրենց ունեցած շատ փոքր, հին սեղանի առաջ՝ հաց ուտելու, եթե, իհարկե, տանը հաց լինում է․ օրեր են լինում, որ երեխաները կշտանում են միայն ցամաք հացով կամ տնային հյութերով։ Մենք ինքներս էլ ականատես եղանք, թե ինչպես են փոքրիկներից մեկի՝ ամենաչարաճճի Սերգեյի քաղցը հագեցնում խնձորից պատրաստված հյութով։ Մենք պարզեցինք նաև, որ ամռանը պատրաստի սնունդ պահելու հնարավորությունից են անգամ զրկված, որովհետև տանը անգամ սառնարան չունեն, չփչացնելու համար սնունդ նախապես չեն գնում։ Երեխաներից երկուսը՝ 1,8 տարեկան Նարեկը և 5 ամսական փոքրիկ Աստղիկը, որոնք այդ մռայլ տան ուրախությունն են, ունենում են սնունդի, տակդիրների կարիք։ Փոքրիկ Աստղիկը հատկապես Աստղիկ տատիկի բերկրանքն ու ապրելու ուժն է, այն հրաշքը, որ մոռացնել է տալիս ամեն օր իրենց ուղեկցող չարքաշ իրականությունն ու հոգսերը։

Տան տարեցը՝ Աստղիկ Ավետիսյանը, առանց արցունքների, չկարողացավ պատմել իրենց գլխով անցածի մասին, թե ինչպես է տարիներ առաջ տունը այրվել հոսանքի բռնկումից և մի քանի օրում գլխիվայր շրջվել է իրենց կյանքը ու այլևս չի վերականգնվել։ Ընտանիքի՝ առանց այն էլ քիչ եկամուտները ավելի են նվազել Անուշավան որդու երկու անգամ գողության համար կալանավորման պատճառով, իսկ աղջիկը, դժբախտաբար, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այսպես գնալով  վատթարացել է իրենց վիճակը․ հիմա 6 երեխա ունեցող տանն անգամ լոգարան, լվացքի մեքենա չկա, իսկ մի կերպ սարքած պետքարանը դուռ չունի։ Այստեղ ձմեռներն ուղղակի անտանելի են․ տունը բաց է բոլոր կողմերից, ցուրտը սողոսկում է անարգել, ինչը անխուսափելիորեն դառնում է երեխաների հաճախակի հիվանդացության պատճառ, իսկ  գիշերները երեխաները տաքանում են միայն իրար շնչով։

Իրենց տան միակ աշխատողը տարեց հայրն է, ով մեր նկարահանման ժամանակ տանը չէր, աշխատանքի էր։ 11 հոգանոց ընտանիքն ապրում է հիմնականում պետությունից տրամադրվող 50 հազար սոցիալական օգնության, երեխայի համար տրամադրվող 57 հազար դրամ նպաստի գումարներով, կողքից չնչին օգնություն է տան մեծի աշխատածը և աղջկա հաշմանդամության թոշակի գումարը։ Այս ընթացքում նրանց ընտանիքին դրամական միջոցներով, սննդով, հագուստով, այլ պարագաներով օգնել է միայն Հանուն ժողովրդի բարեկեցության  մարդասիրական ՀԿ-ն։ Սոցիալական հարցերի  նախարարության խոսնակը մեզ փոխանցեց, որ երեխաների համար հավելյալ աջակցություն ստանալու համար ընտանիքը պետք է դիմի միասնական սոցիալական տարածքային կենտրոն, որտեղից կուղղորդեն, թե աջակցության ինչ ծրագրերից կարող է ընտանիքը օգտվել։  

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 96 86 10, 077- 96 86 10, +37494415130 Telsell Wallet 4083060010405872 AMERIA BANK

Թամարա Ղազարյան