Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հանդիպման ակնկալիքների մասին Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Մեր զրուցակիցը նշեց, որ չի կարծում, թե հանդիպմանը կարևոր որոշում կարող է կայացվել, հանդիպումն ամենայն հավանականությամբ կլինի հանդիպումների շարքի ընթացիկ հանդիպումներից մեկը, որի ընթացքում կողմերը տարբեր մոտեցումներ կքննարկեն, տարբեր հարցերի կանդրադառնան՝ կապված ինչպես խաղաղության պայմանագրի, սահմանազատման հարցերի, այնպես էլ Ադրբեջանի կողմից պահանջվող միջանցքի հետ, գուցե նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, և ամենայն հավանականությամբ կլինեն հայտարարություններ, գուցե նաև ձեռք բերվեն համաձայնություններ, որոնք այս փուլում որևէ շոշափելի առաջընթաց չեն կարող ապահովել։
Խոսելով նաև իշխանության վարած արտաքին քաղաքականության մասին՝ փորձագետն ասաց, որ մեր իշխանությունների դիվանագիտական աշխատանքների մեծ մասը կարծես թե փակ է, շատ բան հանրությանը հայտնի չի դառնում, այնուամենայնիվ բավականին ակտիվություն կա։
«Ես նախկինում չեմ հիշում նման ակտիվություն տարբեր ուղղություններով, և կարելի է ասել, որ մեր իշխանությունները ևս, ինչպես ամբողջ աշխարհի բոլոր քաղաքական դերակատարները՝ լինեն պետություններ, թե այլ կազմավորումներ, փորձում են հավաքել քաղաքական կապիտալ, որը հնարավոր կլինի հետագայում իրացնել, որովհետև անհավասարակշիռ իրավիճակում, որում այսօր գտնվում է գլոբալ աշխարհը, վերջնական լուծումներ տալը սխալ է, որովհետև դրանք կարող են ուղղակի չիրացվել կամ կարող են հետագայում վնասել։ Նույն տրամաբանությունն է գործում նաև Հայաստան-Ադրբեջան փոխգործակցության դեպքում։ Վերջնական լուծումներ, փոխզիջումներ կարելի է այս պահին չանել՝ թե մեզ համար, թե Ադրբեջանի համար»,- ասաց փորձագետը։
Խոսելով նաև ընդդիմության սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասին՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ նրանց հիմնական նպատակը չկորելն է քաղաքական դաշտում, իրենց գոյության մասին անընդհատ հիշեցնելը թե՛ ներքին, թե՛ արտաքին տարբեր ուժերի։
«Որովհետև գուցե կգա մի ժամանակ, երբ իրենց գոյությունը հնարավոր կլինի ինչ-որ կերպ օգտագործել ինչ-որ մեկին, որովհետև այդ քաղաքական կոնտինգենտը կարծում է, թե ներքին քաղաքականությունը կարևոր չէ, ամեն ինչ որոշվում է դրսում, և նրանք էլ դրսի համար ստեղծում են հիմքեր, որպեսզի, երբ որոշելու հնարավորություն լինի, «դուրսը որոշի հօգուտ իրենց»։ Եվ սա վերջին անգամը չի լինի, այդ քաղաքական ուժերն էլի կփորձեն նմանատիպ հավաքներ անել, կփորձեն մոբիլիզացնել հնարավորինս շատ մարդկանց։ Իհարկե, դա այս փուլում դեռևս հնարավոր չի, չեն կարողանա այնքան մարդ մոբիլիզացնել, ինչը հնարավորություն տա իրենց դիմելու կրիտիկական գործողությունների»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան