Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց։ Հավաքի մասնակիցները բողոքում էին ՌԴ անտարբեր ու չեզոք արձագանքից՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարաքծների նկատմամբ հարձակվողական գործողությունների հետ։
Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Հավաքի հենց սկզբում, սակայն, ոստիկանները մոտեցան հավաքված քաղաքացիներին և ասացին, որ անվտանգության նկատառումներից ելնելով պահանջում են դադարեցնել հավաքը։
Այնուհետև ոստիկանները բերման ենթարկեցին հավաքի մասնակիցներից երեքին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ ասացին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Հավաքի մյուս մասնակիցներին,սակայն, ոստիկանները նույն պահանջը չներկայացրին։ Վերջիններս, ի տարբերություն բերման ենթարկվածների, պաստառներ չէին պարզել։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Տիգրան Հարությունյանն ասաց, որ այստեղ են եկել ՌԴ-ից պահանջելու հեռանալ Հայաստանից, քանի որ ադեկվատ կերպով չեն արձագանքում իրավիճակին։ Տիգրանն ասաց, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից հենց Ռուսաստանի դեսպանատան դիմաց են հավաքն իրականացնում, քանի որ մյուսներից որևէ ակնկալիք ի սկզբանե չեն էլ ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վովա Հակոբյան